«Անվտանգության խնդիր է․․․ հենց եղանակները տաքանան՝ սկսելու են իրար հետևից մեքենաների գազաբալոնները պայթել»․ մասնագետ
Վարորդները դժգոհում են՝ ասելով, որ հերիք չէ՝ գազի գինը բարձրացել է, ՀԴՄ կտրոն սկսել են չտրամադրել, սրան գումարվել է նաև մեկ այլ հանգամանք: Օրինակ, 60 լիտրանոց գազաբալոնում 69 լիտր սեղմված գազ են լցնում, 90 լիտրանոցի մեջ՝ 95, 42-ը՝ 51 լիտր, և այդպես շարունակ:
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ո՞րն է այս խառնաշփոթի ու վարորդների դժգոհության պատճառը։ Ի պատասխան՝ նա ասաց.
«Գազը վաճառվում է կիլոգրամով, այդ սարքերի մեջ դրված է կշեռք, որը կշռում է, ու այստեղ ո՛չ օպերատորը, ո՛չ լցավորողը որևէ դեր չեն կարող խաղալ: Քանի կիլոգրամ կշռում է, ծրագիրն ավտոմատ գինը բազմապատկում է, իսկ լցավորման սարքերի մեջ գտնվող կշեռքները տարին մեկ անգամ Չափագիտության ինստիտուտից, Հարկայինից գալիս են, ստուգաչափում, կնքում, թողնում և գնում են: Մարդկային ֆակտոր այդտեղ չկա: Ինչ վերաբերում է վարորդների բերած օրինակներին, ապա քանի որ ձմեռ է՝ վառելիքը 10 տոկոս ավելի է օգտագործվում: Սովետական ժամանակներից մինչ օրս ձմռանը վառելիքի ծախսը 10 տոկոս ավելացնում են, որովհետև իրականում նույն կիլոմետրն անցնելու համար 10 տոկոս ավելի վառելիք է ծախսվում: Բացի այդ՝ ջեռուցման համակարգ է միացված, որը լրացուցիչ հզորության անկում է տալիս շարժիչի վրա: Թե չէ այնտեղ քիչ է լցնում կամ շատ է լցնում, նման բան չկա»:
Մկրտիչ Տիգրանյանն ընդգծեց՝ կա իրական խնդիր, այն է՝ վարորդների 98 տոկոսը բալոնները չփորձարկված վիճակում են վարում:
«Բացի հիմնարկների մեքենաներից, մյուսները չեն անում: Անվտանգության խնդիր է, որի անհրաժեշտությունը կա: Փաստն այն է, որ առանց փորձարկման շահագործում են, ուղղակի հիմա եղանակը մի քիչ սառն է, բալոնի մեջ մեծ ճնշում չի առաջանում, հենց եղանակները տաքանան՝ սկսելու են իրար հետևից գազաբալոնները պայթել»:
Հարցին՝ օրենքով գազաբալոնները չպետք է լիցքավորեն ժամկետանց բալոններով, ինչո՞ւ է արվում, «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրենը նկատեց.
«Արգելված է, սակայն գազալցակայանների վրա ազդելու լծակ չկա, բայց երբ ԱԺ-ում 2020թ. սեպտեմբերի 9-ին քննարկված օրենքը հաստատվի, եթե գազալցավորվեց չփորձարկված բալոնը, ապա այնտեղ լուրջ տուգանքներ են կիրառվելու»:
Իսկ թե ինչո՞ւ են վարորդները խուսափում գազաբալոնները ստուգել, արդյոք թա՞նկ է, Մկրտիչ Տիգրանյանը նշեց.
«Ընդամենը 10.000-12.000 դրամ է պահանջվում՝ 2 տարվա համար»: