Բաժիններ՝

«Պատկերացնո՞ւմ եք, ՀԴՄ չեն տալիս, որ այդքան թանկացրել են, բա որ տան՝ ինչ է լինելու». Վարորդներն ու սպառողների իրավունքների պաշտպանները՝ գազի գնի մասին

Վարորդները  վրդովված են, դեկտեմբեր ամսին բարձրացել են և՛ բենզինի, և՛ բնական սեղմված, և՛ հեղուկ գազի գները, բացի այդ՝ այլևս ՀԴՄ չեն տրամադրում:

Բնական սեղմված գազի մեկ կիլոգրամը գազալցակայաններում այժմ 300 դրամի փոխարեն՝ վաճառվում է 320-330 դրամով։

Հեղուկ գազի գինը 150 դրամից դարձել է 180: Բենզինը նույնպես թանկացել է 20-30 դրամով:

«1.3 բալոնը 3500 դրամի լցնում եմ, 120 կիլոմետր  եմ քշում. ահավոր վիճակ է: Դադարել են նաև ՀԴՄ տրամադրել: Պատկերացնո՞ւմ եք, ՀԴՄ չեն տալիս, որ այդքան թանկացրել են, բա որ տան՝ ինչ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ տեղեկացրեց, որ իրենք մոնիտորինգ չեն անում, որովհետև ճշգրիտ միջինացում, ըստ էության, հնարավոր չէ անել:

«Որքան էլ խոսեցին, որ՝ հիմա տեսեք, կկարգավորենք և այլն, մանևրելու հնարավորությունից շարունակում են օգտվել բոլորը, բայց,  եթե մենք որպես ելակետ՝ վերցնում ենք մեթոդոլոգիան, որով ըստ էության պետք է իրականացվեր հաշվարկը, իսկ դա կլիներ հայտարարագրված գինը՝ պայմանական 280, 290 դրամ, հիմա դարձել է 320-330 դրամ: Ամենաքիչը 10-12 տոկոս թանկացում ունենք այստեղ: Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոններ չտրամադրելուն, ապա մենք, ընդհանուր առմամբ, եթե նայենք կառավարման համակարգում տեղի ունեցող  գործընթացներին, ապա փոխվել է հիմնական սկզբունքը. ժամանակին չէին աշխատում և լռում էին, երբ քննարկվում էր չաշխատելը, ընդունում էին չաշխատելու հանգամանքը, իսկ հիմա կարևորը խոսելն է աշխատելու մասին: Անընդհատ խոսվում է աշխատելուց, բայց բուն  աշխատանքը չի երևում»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այս թանկացումն արտառոց չի համարում, որովհետև, նրա խոսքով՝ նավթամթերքն է թանկացել, համաշխարհային գներն են բարձրացել, բացի այդ՝ որոշ չափով արժեզրկվել է նաև դրամը:

«Չի կարելի ասել, որ արտառոց թանկացում է: Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը մինչև պատերազմը 340 դրամ էր, հիմա 9 տոկոսով է թանկացել, նույնը՝ նաև հեղուկ գազը, որովհետև փոխկապակցված են:  Միշտ հեղուկ գազը բենզինի գնի կեսն է լինում:  Հեղուկ գազի մեկ լիտրը թանկացել է 10 դրամով՝ 170-ից դարձել է 180 դրամ, առաջ 140-150 էր: Իսկ այն, որ ՀԴՄ չեն տրամադրում, դա մեզ մոտ եղած ամենացավոտ խնդիրներից է: Որոշ տեղերում ու մի շարք ոլորտներում անբարեխիղճ տնտեսվարողներն օգտվում են այս խառը և ծանր իրավիճակից»,- նկատեց Կարեն Չիլինգարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս