Բաժիններ՝

«Գերագույն գլխավոր հողատուն մարդկանց խոստացել էր պատասխանել. գերիների ծնողներն անկեղծ սպասելիք ունեին հունվարի 11-ին». իրավապաշտպան

«Գուցե շատ կոպիտ, բայց մարդիկ բնորոշեցին, որ հերթական խայտառակությունն էր, հերթական նվաստացումն էր, թեկուզ հենց Հայաստանի վարչապետի աթոռը ներկայացրած անձի  տեսքից կարելի էր դատել, որ ինքը որևէ կերպ պատրաստ չէր որևէ բանակցություններ իրականացնելու և ի շահ Հայաստանի որևէ գործողություններ անելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում հայ գերիների վերադարձի մասով հայկական կողմը որևէ արդյունքի չի հասել:

«Ես որևէ կերպ չէի էլ ակնկալում, որ ինքն այդտեղ պետք է փորձեր Շիրակի մարզից գերեվարված անձանց կամ առհասարակ որևէ գերեվարված անձի խնդիր բարձրացներ: Ինքը կարող էր գոնե այդ պահն օգտագործել Ալիևի և ԱԳ նախարարի նախապես արված հայտարարությունները, որ նոյեմբերի 9-ից հետո գերեվարվածները՝ գերիներ չեն, դիվերսանտներ են կամ այլ որակումներով անձինք, գոնե կարողանար հասնել նրան, որ այդ մարդկանց էլ տային գերու կարգավիճակ, որը հնարավորություն կտար այդ մարդկանց իրավունքների և վերադարձման մասին միջազգային կազմակերպությունների հետ ավելի էֆեկտիվ պայքարել: Իրեն ընդամենը կանչել էին ինչ-որ փաստաթուղթ կամ փաստաթղթեր ստորագրելու»:

Իրավապաշտպանը վստահեցրեց, որ շարունակելու են  պայքարը, և ամեն ինչ անելու են, որպեսզի Շիրակի մարզի 62 գերեվարված քաղաքացիների հարցին կարողանան լուծում տալ, և նրանք վերադառնան Հայաստան.

«Առաջիկայում երևի շատ լայն հարցազրույց կտանք, կոնկրետ այդ խնդրի վերաբերյալ, որովհետև այս պահին տարբեր մարդկանց հետ տարբեր բանակցություններ են ընթանում: Ցավոք, ես Շիրակի մարզի գերեվարված 62 գերիների ծնողներից ոչ բոլորի հետ եմ կարողացել համագործակցել, ասեմ ավելին՝ հունվարի 4-ի հարցազրույցիցս հետո նաև մանիպուլյացիաների միջոցով կարողացել են հասնել նրան, որ 31 ծնող իմ վրա բողոք ներկայացնի, թե ես ի՞նչ իրավունքով եմ զբաղվել, որտեղից ի՞նչ ինֆորմացիա, շատ տհաճ բան կար գրված, որ ամանորյա տրամադրություններ եմ խաթարել, իհարկե, ես բոլոր ծնողներից եմ ներողություն խնդրում, բոլորից եմ ներողություն խնդրում՝ ում ամանորյա, եթե տրամադրություն է ունեցել, ես փչացրել եմ, որովհետև միամտաբար մտածել եմ, որ եթե ինքս տրամադրություն չունեմ Ամանոր նշելու, մյուսներն էլ են այդպես մտածում: Զավեշտն իշխանությունների կողմից հասել է նրան, որ մարդկանց զգացմունքներն օգտագործելով՝ փորձել են իմ  նկատմամբ ինչ-որ պատժիչ գործողություններ իրականացնել… Եթե մարդը գտնվում է դժբախտության մեջ, գտնվում է ծանր հոգեկան վիճակի մեջ, ցանկացած մարդու հոգեկան վիճակի վրա էլ կարելի ազդել և փորձել ուղղորդել, առավելևս, երբ այդ ծնողը շատ անկեղծ սպասելիք ուներ հունվարի 11-ին: Նույն դեկտեմբերի 30-ի հանդիպման ժամանակ գերագույն գլխավոր հողատուն մարդկանց խոստացել էր պատասխանել, և պատասխանը երևի երեկվա այդ հայտարարությունն էր, որ գերիների  հարցը չի քննարկվում, երևի իր նախատեսած պատասխանը հենց դա էր»:

Կարապետ Պողոսյանն ընդգծեց, որ հետևել է ամբողջ գործընթացին, և  իր համար ի սկզբանե պարզ է եղել, որ ներկայիս կառավարությունն այս հարցով ի զորու չէ որևէ խնդիր լուծելու:

«Ավելին՝ այդ ցանկությունը չունեն, որովհետև մինչև այս պահը չկա իրավական գնահատական, չկա անգամ քրեական գործ հարուցած, թե ինչո՞ւ մարդիկ, ոչ ռազմական գործողությունների ժամանակ՝ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, հայտնվեցին թշնամու ձեռքում: Մինչև այսօր չկա որևէ քրեական գործ՝ հասկանալու համար, թե այս մարդիկ ինչո՞ւ տներից դուրս եկան, գնացին հասան Խծաբերդ և հայտնվեցին այս կարգավիճակում: Եթե նույնիսկ այս հարցի պատասխանն այսօր այս իշխանությունը չի ուզում տալ, հետևաբար՝ սա ինձ թույլ է տալիս մտածելու, որ ինքն ի զորու չէ, և ինքը որևէ քայլ չի անելու այս մարդկանց օգնելու համար»:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել:

Ավելի ուշ ՀՀ ԱԺ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Պաշտոնական Բաքուն ընդունել է հայկական կողմի 62 քաղաքացու գերեվարման փաստը:

Դեկտեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնել էր, որ ինքը, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաև գերեվարվածների հարազատները Արցախում հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն իրենց վստահեցրել է, որ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված 62 քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում. «Նախնական տվյալներով՝ այս շաբաթ ռուսական կողմը այց կկատարի Բաքու՝ ճշգրտելու վերադարձի ժամկետները, պայմանները»:

Հիշեցնենք նաև, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս