«Հանրության հուզական ֆոնը զսպելու նպատակով է այդ տեղեկատվությունը գաղտնի պահվում». Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը զավեշտ է որակում ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից անհետ կորածների, գերեվարվածների, զոհերի և վիրավորների թվի հրապարակումը պետական գաղտնիք որակելը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց. «Մենք ունենք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, որը հստակ սահմանում է, թե որոնք են հանդիսանում պետական գաղտնիքները:

Ի՞նչ է տեղի ունենում՝ լրատվական կայքը դիմում է զոհվածների, վիրավորների, գերեվարվածների թվաքականակը հրապարակելու դիմումով, ի՞նչ է պատասխանում ՊՆ-ն՝ հղում է կատարում «Պետական գաղտնիքի մասին» օրենքին և ասում է, որ չի կարող այդ տեղեկությունը տրամադրել:

Անհրաժեշտ է ընդգծել, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի մեջ որևէ կերպ այս ինֆորամացիան չի տեղավորվում, և սյուռը նա է՝ դա անում է այն իշխանությունը, որ, օրինակ, պատերազմական իրավիճակում իրեն Գերագույն գլխավոր հրամանատար հռչակած անձը տալիս է հայտնի միջազգային լրատվական կայքին հարցազրույց և տեղեկատվություն տրամադրում ընթացող ռազմական օպերացիայի վերաբերյալ (հայտնի Լելե Թեփեի օպերացիան էր, որը, ցավոք սրտի, մենք ձախողեցինք):

Այն իշխող ուժի ղեկավարը, որը պարբերաբար պատերազմական իրավիճակում հայտարարություններով էր հանդես գալիս տարբեր կորպուսների գտնվելու վայրի վերաբերյալ, տարբեր լուսանկարներ էր հրապարակում, և այդ ամեն ինչը իր ֆեյսբուքյան հարթակով հրամցնում էր բաց, այն դեպքում, երբ թշնամին անգամ ֆեյսբուքյան հարթակն էր փակել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»:

Հարցին՝ ինչու են շարունակում գաղտնի պահվել այդ թվերը, Գոհար Մելոյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, այնպիսի թվերի հետ գործ ունենք, որ հանրության հուզական ֆոնը զսպելու նպատակով է այդ տեղեկատվությունը գաղտնի պահվում»:

Նա նշեց, որ պարտավոր են անուն առ անուն հրապարակել մեր զոհված զինծառայողների անունները, որովհետև նրանց պետք է դեմքերով ճանաչենք, նրանց սխրագործությունների մասին տեղեկանանք, ապա նկատեց՝ Ապրիլյան պատերազմի օրերին հերթական զոհի վերաբերյալ միանգամից սկսում էր շրջանառվել նրա լուսանկարը, նրա կյանքի պատմությունը:

Սահմանադրագետը զուգահեռներ անցակցրեց Մարտի մեկի իրադարձությունների հետևանքով տուժած ընտանիքների՝ 25 միլիոն դրամի չափով փոխհատուցման, և այս պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին տրվող փոխհատուցումների միջև. «Արցախից անտուն մնացած ընտանիքներին, վիրավորներ ունեցող ընտանիքներին ի՞նչ չափի փոխհատուցում է տրվում: Առաջին օրերին կարծես ծաղրում էին՝ մի քանի տասնյակ հազար փոխհատուցում էին մարդկանց տալիս, որով, իհարկե, որևէ կերպ անգամ մի քանի օր չէին կարող իրենց գոյությունը պահպանել՝ հատկապես վիրավոր ունեցող ընտանիքները:

Ի՞նչ չափանիշերով են մոտենում. թե՞ իրենք որոշակի պարտավորվածություններ ունեին մարտիմեկյան իրադարձություններից տուժած ընտանիքների նկատմամբ:

Սա ևս անպայման պետք է հետաքննության առարակա լինի, որովհետև, իմ կարծիքով, անհամեմատելի են, եթե նժարների վրա դնենք, այդ երկու կողմերի զոհերի մատուցած ծառայությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս