«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տարածքի նկատմամբ տիտղոս որոշող սուբյեկտ չէ». Լևոն Գևորգյան

«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագիրը կրող խորհրդաժողովում «Արցախյան երկրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները․ միջազգային-իրավական համատեքստ» թեմայով քննարկման ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը փորձեց պատասխանել 3 հարցի.

1. արդյո՞ք կան իրավական հիմքեր՝ պնդելու, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը պետք է կրկնի Խորհրդային վարչական սահմանները,

2. արդյո՞ք իրավական արժեք ունի միջազգայնորեն ճանաչված սահման եզրույթն ընդհանրապես

3. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Խորհրդային սահմանների շարունակականության և միջազգային ճանաչված սահմանների վերաբերյալ հայտարարությունների պարբերական կրկնումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից:

Այս հարցերին պատասխանելիս միջազգային իրավունքի մասնագետը նախ համարեց, որ կարևոր է պատմական ակնարկ կատարել և քննարկումը սկսել 1828 թ.-ի Թուրքմենչայի պայմանագրից, անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների ձևավորման դրվագին:

«Սահմանների շարունակականության սկզբունքը, որը, ըստ Ադրբեջանի, պետք է պարտադրվի նաև Հայաստանի վրա, չի կարող գործել առանց բոլոր մասնակից սուբյեկտների փոխադարձ համաձայնության: Այստեղ շատ կարևոր է մի հանգամանք: Ադրբեջանի  պնդմամբ՝ ՀՀ-ն ընդունել է Խորհրդային սահմանների շարունակականության սկզբունքը ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով: Խոսքն ԱՊՀ հիմնադիր պայմանագրի մասին է և Ալմա Աթայի հռչակագրի:

Եթե մենք բացում ենք այս երկու փաստաթղթերը, մենք տեսնում ենք, որ փաստաթղթերում իրականում խոսքը գնում է ոչ թե Խորհրդային սահմանների վերացման՝ միջազգային սահմանների, այլ տարածքային ամբողջականության և տարածքային անխախտելիության սկզբունքների մասին: Այստեղ շատ ֆունդամենտալ, միգուցե դժվար ըմբռնելի, բայց էական տարբերություն կա»,- ասաց Միջազգային իրավունքի մասնագետը:

Լևոն Գևորգյանի խոսքով՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հարցը առաջանում է միայն այն ժամանակ, երբ տարածքի նկատմամբ տիտղոսը համարվում է ճանաչված և հաստատված:

«Հետևաբար՝ Խորհրդային սահմանների տեխնիկական շարունակականությունը պարզապես իրավական որևիցե հիմք չունի»,- նշեց Լևոն Գևորգյանը:

Ըստ իրավաբանի՝ «սահման» եզրույթը, որպես այդպիսին, միջազգային իրավական արժեք չունի: Ու երբ, օրինակ, պետություններն անդամակցում են միջազգային կազմակերպության, այդ միջազգային կազմակերպությունները չեն հաստատում պետության գոյություն ունեցող սահմանները:

«Եվ հետևաբար՝ պետությունները կարող են ունենալ միջազգայնորեն ճանաչված սահման միայն մեկ դեպքում, և այդ դեպքը փոխադարձ համաձայնությունն է»,- հավելեց նա:

Ըստ Լևոն Գևորգյանի՝ միջազգայնորեն ճանաչված սահման եզրույթն իրականում ոչ այլ ինչ է, քան որևիցե արժեք չունեցող պնդում: Այս եզրույթն օգտագործողները փորձում են հղում կատարել ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին: Ու այստեղ կարևոր է հասկանալ ԱԽ մանդատի շրջանակներն ու ծավալները:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տարածքի նկատմամբ տիտղոս որոշող սուբյեկտ չէ»,- նշեց Լևոն Գևորգյանը՝ հավելելով, թե սա ընդամենը այդ բանաձևի օգտին ստորագրած 13 պետությունների դիրքորոշումն է և զուտ միայն քաղաքական դիրքորոշում է, ոչ թե իրավական:

Խոսելով պաշտոնատար անձանց միակողմանի հայտարարությունների հետևանքների մասին՝ միջազգային իրավունքի մասնագետը նշեց, որ դրանք միջազգային իրավունքում ունենում են իրավական հետևանքներ:

«Եթե պետությունը պարբերաբար, մի քանի անգամ շարունակ, ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ ինքը ընդունում է միջազգայնորեն ճանաչված սահմանները, և չունենա ընկալում առ այն, թե որոնք են այդ միջազգայնորեն ընդունված սահմանները, կամ անի հայտարարություն առ այն, որ «Սյունիքից ոչ մի սմ չի զիջվել», այդ հայտարարությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ: Այդ հայտարարություններն իրականում անհապաղ շտկման, մաքրագրման և շրջադարձման կարիք ունեն»,- նշեց մասնագետը:

Տեսանյութեր

Լրահոս