«Ընկեր, ինչո՞ւ իրավիճակը հասցրեցիք այս աստիճանի, սա՞ էր հեղափոխության արժեքները, սրա համա՞ր հեղափոխություն արեցիր․․․». Քաջարանի քաղաքապետ

Դեկտեմբերի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ ՔԿ-ի    հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հրավիրվել է հարցաքննության։

Դեկտեմբերի 23-ին Մանվել Փարամազյանը ներկայացել էր հարցաքննության, որից հետո նրան մեղադրանք առաջադրեցին՝ 8 ամիս առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ այն է՝ խմբակային մարդու առևանգում։ Մեղադրանք առաջադրելուց հետո միջնորդություն ներկայացրեցին՝ կալանավորելու վերաբերյալ։  Գործը քննելուց հետո, դատարանը Փարամազյանին կալանավորելու հիմքեր չտեսնելով՝ միջնորդությունը մերժեց։

168.amի հետ զրույցում Մանվել Փարամազյանն ասաց, որ չի կարող ասել, թե իր նկատմամբ իշխանությունների հաջորդ քայլը որը կլինի, սակայն մեկ բան հաստատ է` ինքը և սյունեցիները հավատարիմ են սեփական սկզբունքներին։

«Մեր սկզբունքներին անդավաճան ենք, բնականաբար, շարունակելու ենք պահել մեր հողն ու ջուրը։ Անկախ ամեն ինչից ու քաղաքական իրադարձություններից, մենք պարտավոր ենք մեր հայրենիքը պահելու։ Միանշանակ Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, այս հարցն անգամ չենք էլ քննարկում։

Մեր մեջ խոսում է հայրենասիրությունը, մենք կանգնել ենք հայրենիքը պաշտպանելու համար, պահելու մեր պապերից ժառանգած հողերը, որոնք պարտավոր ենք պահպանելու, այս ամենը գուցե շատերին դուր չի գալիս,   և հայրենիքի համար կանգնած տղաներին ուզում են ճանապարհից չեզոքացնել, բայց նման բան չի լինելու, որովհետև մեր Աստվածն ուժեղ է։

Դուք բոլորդ էլ տեսաք, թե Քաջարանից քանի հազար մարդ էր եկել Երևան՝ իմ հետևից, ես իրենց ցավը տանեմ, նրանց ներկայությունն իմ թիկունքին միշտ եմ զգացել։

Ես ինչպես կամ, այնպես էլ մնացել եմ, այնպես չէ, որ դարձել եմ քաղաքապետ ու փոխվել եմ, մարդիկ ինձ շատ լավ գիտեն, ես միշտ ապրել եմ քաղաքի ու բնակիչների հոգսերով, քաղաքականությունը մերը չէ»,- նշեց Քաջարանի քաղաքապետը։

Նրա խոսքով՝ Սյունիքի համայնքի ղեկավարների, այդ թվում՝ իր հետագա համագործակցությունն իշխանությունների հետ չի պատկերացնում։

«Մենք համայնքների լեգիտիմ ընտրված ղեկավարներ ենք, իշխանությունների հետ աշխատելու առումով էլ թող իրենք մտածեն, թե մեզ հետ ինչպես են աշխատելու։ Պատերազմը սկսվելուց առ այսօր մենք չենք հասկանում՝ իշխանություն կա՞, թե՞ ոչ, քանի որ այսքան ժամանակ իշխանության կողմից որևէ վերաբերմունք չենք տեսել։ Մենք մեր ճանապարհը գծել ենք և այդ ճանապարհով առաջ ենք գնում, դրա համար էլ ժողովուրդն այդ ամենը տեսավ ու մեր հետևից հասավ Երևան»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ ո՛չ աջ են գնում, ո՛չ ձախ, գնում են ուղիղ ճանապարհով, այդ ճանապարհով են գնում նաև սյունեցիները։

«Ես որևէ մեդալի չեմ սպասում, բայց նաև վիրավորական է՝ հանուն ինչի՞ պետք է այս քաոսային վիճակում ինձ ու մյուսներին հետապնդեն, չէ՞ որ մենք ոտքի ենք կանգնել, որ գոնե պետության հոգսը թեթևացնենք։

Այն, ինչը իշխանությունը չի անում, մենք ենք անում, փոխարենը՝ դիրքերից իջեցնում ու մեղադրանք են առաջադրում, այստեղ են ասել՝ որևէ բարի գործ անպատիժ չի մնում։ Մենք էլ զիջելու բան չունենք, որևէ մեկը չի պատկերացնում, թե Սյունիքում ինչ վիճակ է։ Որևէ մեկի մտքով չէր անցնի, կամ մտովի չէր կարող պատկերացներ, որ թշնամին կհասնի տանդ դեմը։ Բա մենք այդ հողի համար ընկերներ ենք կորցրել, նրանց արյունը դեռ չի չորացել, մի՞թե նման բան կարելի էր առանց որևէ բանի հանձնել թշնամուն։ Պատմությունում այս ամենը գրվելու է, թե ովքեր են դավաճանները, ովքեր են հերոսները, կարևորը՝ մենք մեր խղճի առաջ մաքուր ենք։

Այն օրը, երբ մարդիկ իրենց հաշիվ կտան, ես կարող եմ բոլորի աչքերի մեջ ուղիղ նայել, ես գալիք սերունդների աչքերին կարող եմ ուղիղ նայել ու ասել, որ արել ենք այն, ինչը մեզանից կախված էր։

Մենք այլ տարբերակ չունենք, Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, բա այդ ողնաշարդ թուլացնե՞ս,  ի՞նչ է լինելու։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ հարգելի իշխանություն, մենք մեր արժանապատվությունն ենք ուզում, որը չի վաճառվում։

Ընկեր, ինչո՞ւ իրավիճակը հասցրեցիք այս աստիճանի, սա՞ էր հեղափոխության արժեքները, սրա համա՞ր հեղափոխություն արեցիր, ազգը բաժանեցիր սևերի ու սպիտակների, մի՞թե մեր ազգը սրան էր արժանի»,- եզրափակեց Մանվել Փարամազյանը։

Տեսանյութեր

Լրահոս