«Թուրքը եկել-հասել է մարդու տան առաջ, մնում է դուռը ծեծեն, ասեն՝ «դուրս եկեք»». Քաջարանի համայնքապետ

«Ինչքան Ձեզ համար է անհասկանալի, նույնքան էլ ինձ համար է անհասկանալի: Անհեթեթություն է բոլորը՝ կարող եմ ես սա ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքապետ Մանվել Փարամազյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտե հրավիրվելու փաստին:

«Ամենակարևորը՝ ուզում եմ շեշտել, և արձանագրենք, որ նախևառաջ ես, որպես համայնքի ղեկավար և նաև որպես Քաջարան կամավորական ջոկատի հրամանատար, այսօր ամենացավալին այն է, որ մարտական դիրքերը թողել ենք, ու այսօր կանչել են հարցաքննության: Դե, բնականաբար, սա քաղաքական պատվեր է, սա քաղաքական հետապնդում է: Այս իշխանություններին ձեռ չի տալիս, որ այս հերոս տղաները, որ կան, այս սյունեցիները, մեր ընկերները, ձեռ չի տալիս նման տղաներ ունենալը: Այսօր մենք մտահոգված ենք մեր սահմաններով, երկրի սահմաններով, պաշտպանությամբ և այլն, բայց եկեք-տեսեք, թե այսօր իրենք ինչով են զբաղված: Ձեռ չեն տալիս նման մարդիկ»,-ասաց Մանվել Փարամազյանը՝ վերահաստատելով, որ ՔԿ հրավերը քաղաքական պատվեր է:

Քաջարանի համայնքապետը վստահեցրեց, որ դա ուղիղ կապ ունի ավելի վաղ հնչեցրած իր հայտարարության հետ, որով պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Մենք մեր սկզբունքներին, մեր պահանջներին հավատարիմ ենք մնում: Մեր պահանջը մնում է անփոփոխ: Նորից եմ ասում՝ նախ վարչապետին մեղադրում ենք նրա համար, որ պատերազմը եղավ:

Մենք այսօր ի՞նչ ենք պահանջում այս իշխանություններից: Պահանջում ենք անվտանգություն և ապահով կյանք, ուրիշ բա՞ն ենք ուզում: Այս մարդիկ, որ էստեղ են, մենք էստեղ ենք, ի՞նչ ենք ուզում: Պաշտո՞ն ենք ուզում, աթո՞ռ ենք ուզում, ի՞նչ ենք ուզում: Մենք, ընկեր ջան, ասում ենք՝ ապահովեք մեր անվտանգությունը, ու ապրենք խաղաղ երկնքի տակ: Բայց ո՛չ այն են արել, ո՛չ էլ այն:

Մեր մարտական դիրքերն այն դիրքերն էին, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, քոչվոր ցեղերի նման տշում էին էստեղ, տշում էնտեղ, տշում էստեղ ու… այն մարտական դիրքերը, որ մենք թողեցինք, որ անցել էինք ինքնապաշտպանության, վարչապետ կոչեցյալը կոչ էր արել, որ՝ «անցեք ինքնապաշտպանության», ու անցել էինք ճիշտ ինքնապաշտպանության, իսկ երբ որ եկան, ասացին՝ «պետք է թողնեք ձեր մարտական դիրքերը», այ դա մենք ցավ ապրեցինք: Իրականում, ժողովուրդ ջան, ցավ էր»,- ասաց Մանվել Փարամազյանը:

Վերջինիս խոսքով՝ այժմ սյունեցիները մտահոգված են սահմանների անվտանգությամբ: Մանվել Փարամազյանը, որը գլխավորել էր Քաջարանի կամավորական ջոկատը և պատերազմի առաջին օրերին եղել է Ջաբրաիլում, ասաց, թե ռազմական գործողություններ եղել են միայն առաջին օրերին: Դրան հաջորդել են նահանջի հրահանգները:

«8 օր, 10 օր պատերազմը եղավ՝ բառի բուն իմաստով: Է, մնացածը, այ ցավդ տանեմ, նահանջ, նահանջ, նահանջ, նահանջ… Այսօր կարող է Երևանում եք ապրում, բայց մի հատ եկեք, տեսեք՝ մեր տարածաշրջանի վիճակը ինչ է: Ցավդ տանեմ, մարդիկ վախվխում են: Այսօր ինչի՞ պիտի ժողովուրդն այընտրանքային ճանապարհներով, դաշտերով գնա՝ ճանապարհները թողած: Թուրքը եկել-հասել է Որոտան, թուրքը եկել-հասել է մեր քթի տակ, թուրքը եկել-հասել է մարդու տան առաջ, մնում է դուռը ծեծեն, ասեն՝ «դուրս եկեք»: Երեկ Որոտանում չտեսա՞ք՝ 5 հոգանոց շնչին թուրքն եկել, ասել  է՝ «դավայ, քեզ 1 ժամ ժամանակ, ազատեք այս տունը»: Ցավդ տանեմ, մարդը վախենում է: Ինչո՞ւ պիտի մարդն իր երկրում մտածի, որ անապահով է: Սրա համար է մեր պայքարը: Անվտանգության մասին է խոսքը: Ի սկզբանե մեր պահանջը այն է, որ անվտանգության զոնա ստեղծենք,  որպեսզի անվտանգ լինի: Հիմա բերել են, հասցրել Կապան: Լիքը բան կարող ենք սրանից հետևություններ անել: Ժողովուրդը, մարդիկ մտահոգվում են իրենց անվտանգությունից: Ինչի՞ է սա բերելու: Բերելու է թշվառության, բերելու է  պանդխտության, բերելու է գաղթի, և այլն: Սա է ուզում այս իշխանությունը»,- ասաց համայնքապետը:

Մ. Փարամազյանը հույս հայտնեց, որ, ի վերջո, կկարողանան հասնել նրան, որ ապահովեն սահմանների անվտանգությունը:

«Ես կարծում եմ, որ մենք հասնելու ենք այդ պահանջին, մենք հասնելու ենք նրան, որպեսզի մեր կյանքը դարձնենք էլ ավելի ապահով, ու մեր ասածն այն է, որ բերեք, ազատեք էդ ձեր պաշտոնները, թող կարող ուժեր գան, որոնք ի վիճակի են այս հարցերը լուծելու»,- խոսքը եզրափակեց Փարամազյանը:

Տեսանյութեր

Լրահոս