«Օրենքում այդ փոփոխության երկարաձգման խնդրանքը եղել է գործարար համայնքի կողմից». Բաբկեն Թունյանը՝ Հարկային օրենսգրքում փոփոխության մասին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Ներկայացնելով նախագիծը, Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Հարկային օրենսգրքում փոփոխություն էին կատարել, ըստ որի՝ հնարավորություն էին տվել, որ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող, մշակվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվել էր ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ։

«Սա գործում էր կես տարով, բայց քանի որ մենք ունեցել ենք ֆորսմաժորային իրավիճակներ, և շատերն օբյեկտիվ պատճառներով ուղղակի չեն կարողացել իրենց ծրագրավորած ներդրումները կատարել, որոշել ենք ևս մեկ տարով երկարացնել և տարածել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այսինքն՝ սա խթանող ազդեցություն պետք է ունենա պոտենցիալ ներդրումների վրա։ Մեր իրավաբաններն առաջարկեցին՝ օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրը, այլ պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Նախագիծը ներկայացնելուց հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Բաբկեն Թունյանից հետաքրքրվեց, թե օրենքի նախագիծը հուլիսին ընդունելուց հետո, ինչպիսի՞ տնտեսական արդյունք է ունեցել և ի՞նչ ներդրումներ են եղել դրա հաշվին։ Պատասխանելով հարցին, Բաբկեն Թունյանը նկատեց՝ լավ կլիներ, որ այս հարցերի պատասխանն ունենար, բայց, ցավոք, այդ պատասխանը տեխնիկապես հնարավոր չէր ստանալ։

«Օրինակ, 2020 թվականի վերջին եռամսյակի ներդրումները մենք կարող ենք ստանալ հաջորդ տարվա փետրվարին, այսինքն՝ անգամ չոր տվյալներ՝ որքան ներդրումներ են եղել, այս պահին հասանելի չեն։ Մյուս կողմից էլ՝ բիզնեսից բավականին արձագանքներ ենք ստացել, և օրենքում այդ փոփոխության երկարաձգման խնդրանքը կամ առաջարկը եղել է գործարար համայնքի կողմից։ Սրա անհրաժեշտությունը կա, և մարդիկ ցանկանում են այս հնարավորությունից օգտվել, հատկապես, որ այն բյուջեի վրա երկարաժամկետ առումով ազդեցություն չունի»,- շեշտեց Բաբկեն Թունյանը։ Հանձնաժողովը դրական եզարակցություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։

Տեսանյութեր

Լրահոս