Մալայզիան բանակցություններ է վարում COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի գնման շուրջ. Malay Mail
Մալայզիայի վարչապետ Մուհիդդին Յասինը հայտարարել է այն մասին, որ երկրի իշխանությունները համաձայնագիր են կնքել AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերությունից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չափաբաժիններ ձեռք բերելու շուրջ, ինչպես նաեւ բանակցություններ է վարում՝ չինական Sinovac եւ CanSino ընկերություններից եւ Ռուսաստանի Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնից (ՀՄԱՀԿ) պատվաստանյութերի չափաբաժիններ գնելու շուրջ: Այդ մասին հաղորդել է Malay Mail թերթը:
Ինչպես ճշտում է հրատարակությունը, Մալայզիայի կառավարությունը համաձայնագիր է կնքել՝ AstraZeneca բրիտանական ընկերությունից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 6,4 միլիոն չափաբաժին գնելու շուրջ: Չինական երկու ընկերությունների եւ Ռուսաստանի Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի հետ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում: Ինչպես Twitter-ի իր էջում գրել է գիտության, տեխնոլոգիաների եւ ինովացիաների նախարար Հայրի Ջամալուդդինը, ենթադրվում է, որ դա թույլ կտա պատվաստանյութերով ապահովել բնակչության ավելի քան 80 տոկոսը:
«Վարչապետը հենց նոր հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մեր նորացված հավաքանիի մասին: COVAX-ի, Pfizer-ի եւ AstraZeneca-ի հետ համաձայնագրերի ստորագրումից եւ Sinovac-ի, CanSino-ի ու Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի հետ աշխատանքն ավարտելուց հետո մենք պատվաստանյութեր կունենանք մեր բնակչության 83 տոկոսի համար»,-գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալայզիայի միջազգային առեւտրի եւ արդյունաբերության նախարար Մոհամեդ Ազմին Ալին հայտարարել է որ երկրի կառավարությունն սպասում է հաջորդ տարվա փետրվարին Pfizer ընկերությունից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակն ստանալուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: