
Թուրքիան Վաշինգտոնից C-400-ների համար պատժամիջոցների որոշման վերանայում է ակնկալում

Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի Անկարայի կողմից ռուսական C-400 զենինթահրթիռային համալիրների գնման համար պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Դեկտեմբերի 22-ին NTV հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մենք ամեն ինչ կանենք, ինչ կարող ենք, որպեսզի բացառենք որեւիցե վնաս պատժամիջոցներից: ԱՄՆ-ը պետք է շտապ փոխի այդ սխալ որոշումը: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը կվերանայի այն»,- ասել է նա: Աքարն առանձին նշել է, որ պատժամիջոցների հետ կապված իրավիճակը «բացասաբար կանդրադառնա առաջին հերթին ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի համատեղ միջոցառումների վրա»:
C-400 համալիրների վիճակի վերաբերյալ նախարարը հայտնել է, որ ներկայումս շարունակվում է դիվիզիոնների «սարքաբերումը եւ սպասարկումը»: «C-400-ների համատեքստում կան մի շարք գործոններ. քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնիկական: Ահա այդ գործոնների շրջանակներում մենք շարունակում ենք գործել, ինչպես եւ պլանավորվել էր սկզբնապես»,- ասել է նա: