«Մարդը չի ուզում սեղմել այն ձեռքը, որը ստորագրել է իր հայ ժողովրդի կապիտուլյացիան․ արժանապատվություն ունեցող մարդը դավաճանի ձեռքը չի բռնի». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին այցելել էր Սյունիքի մարզ։ Սիսիանում նա այցելել էր նաև Սուրբ Գրիգոր եկեղեցի, եկեղեցում հոգևոր հովիվը չէր սեղմել նրա պարզած ձեռքը, որից հետո մի խումբ անձինք հայտարարեցին, որ հաշվեհարդար կտեսնեն քահանայի հետ։
168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով այս միջադեպին, ասաց՝ քահանան ազատ մարդ է, ազատ մտածողություն ունեցող մարդ, և ինքն է որոշում՝ ում բարևել, ում՝ չբարևել։
«Եթե այս երկրում ցանկացած մարդ ազատ է, ուրեմն՝ քահանան էլ նույնքան ազատ է։ Թող որևէ մեկը չմտածի, որ քահանան այս կամ այն բանի իրավունքը չունի։ Քահանայի ազատությունները սահմանափակողը եկեղեցական իշխանությունն է, ոչ թե ժողովրդի բազմությունը։ Քահանան կամավորապես է սահմանափակել իր իրավունքները, ոչ թե ինչ-որ մեկի պահանջով պետք է սահմանափակի»,- նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նրա խոսքով՝ բոլորի համար էլ պարզ է, թե այս ամենն ինչի համար եղավ ու ինչի արդյունք էր։
«Պարզ չէ՞, մարդը չի ուզում սեղմել այն ձեռքը, որը ստորագրել է իր հայ ժողովրդի կապիտուլյացիան, ի՞նչ կա չհասկանալու։ Ես էլ այդ պատճառով դեկտեմբերի 7-ին չգնացի եկեղեցի, որպեսզի նրա ձեռքը սեղմելու առիթ և պատճառ չունենամ։ Ես էլ չեմ ուզում սեղմել այն ձեռքը, որը հայ ժողովրդին դժբախտություն է բերել։ Հիմա հայ ժողովրդի մի մասը, որը չի հասկանում, որ իրեն այդ ձեռքը դժբախտություն է բերել, կարող է սեղմել, կարող է համբուրել, կամ ձեռքը գլխին դնել, դա իր իրավունքն ու որոշումն է։ Արժանապատվություն ունեցող մարդը դավաճանի ձեռքը չի բռնի»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ քահանային պետք է կարգալույծ անեն, քանի որ ձեռքը չմեկնեց վարչապետին, Միքայել սրբազանն ասաց, որ նման հայտարարություններ անող մարդիկ արդեն իրենց բարոյական պատկերը ցույց են տալիս՝ հաշվեհարդարի գնալու պատրաստակամությամբ։
«Այդ նրանց պետք է կարգալույծ անեն հայ եկեղեցուց ու ժողովրդից, ոչ թե քահանային։ Հայ մարդը քահանայի վրա կքշի՞, քահանայի վրա կհարձակվի՞, եթե նույնիսկ քահանան սխալ է գործել, դրա համար գոյություն ունեն ատյաններ, թեմի առաջնորդ՝ կդիմեն թեմի առաջնորդին, նա էլ կորոշի՝ քահանան ճի՞շտ է եղել, թե՞ ոչ։ Այդ ո՞վ իրավունք ունի որոշել, թե քահանան ինչ պետք է անի կամ չանի։ Իրենք են կարգալույծի ու հայ եկեղեցուց հեռացման ենթակա։ Թող գոհ ու շնորհակալ լինեն, որ հայ եկեղեցին այնքան լայնախոհ է, բարձր մտածող, որ իրենց չի զրկում սուրբ հաղորդությունից և դուրս չի շպրտում եկեղեցուց, ինչի իրավունքը լիուլի ունի»,- ընդգծեց սրբազանը։