«Ճակատեն գյուղից  կապի օպերատորները հանել են ալեհավաքները, զգուշացրել են՝ գյուղը դառնալու է ադրբեջանական տարածք». Նաիրա Զոհրաբյան

Կեսօրից Հանրապետության հրապարակում ընթանում էր անհնազանդության ակցիաներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հրապարակում տեղադրված հարթակից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խոնարհվում է հպարտ սյունեցիների առջև, որոնք թույլ չտվեցին, որ հայրենիքը հանձնած անձը մտնի Սյունիք։

«Փաշինյանը՝ թաքնված իր թիմակից դավաճանի հետևում, մտավ ընդամենը մեկ գյուղ, գյուղի հետևով մտավ Սիսիան, որտեղ հոգևոր հայրը՝ տեր Պարգևը, նրան ձեռք չմեկնեց և ասաց՝ սպասիր Աստծո դատաստանին։ Սյունեցիներ՝ Գորիս, Սիսիան, Կապան, Քաջարան, Մեղրի, դուք ապացուցեցիք, որ առաջինը դասում եք հայրենիքը, որ ձեզ համար կա մեկ երդում ու սրբություն՝ հայրենիքը։

Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ոչ միայն պոպուլիստ են, դավաճան, մեծ մանիպուլյատորներ են, այլև տգետ են, և Նիկոլի տգետներից մեկը Նիկոլին հուշել է իր կարծիքով՝ փրկօղակ։ Երկու օր է՝ Նիկոլն իր ֆեյսբուքյան էջում, իր համակիրներով, ֆեյքերի բանակով տարածում է 1995 թվականին ընդունված և 2010 թվականին փոփոխված  ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծ և ասում է, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից, նա միշտ մեղավորներ փնտրում է իրենից դուրս»,- իր խոսքում շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մեղավորներ են մայրերը, հրամանատարները, զինվորները, նույնիսկ նահատակվածները, նույնիսկ իր հրաժարականը պահանջող ժողովուրդը, բայց ոչ՝ ինքը։

«Նիկո՛լ, դու ստախոս ես, Հայաստանի և ցանկացած պետության սահման որոշվում է «Պետական սահմանի մասին» օրենքով, ցավոք, այդ օրենքով սահմանազատումը չկա։ Կա և կարող է լինել մեկ միջազգային փաստաթուղթ, դա Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր միջազգային պայմանագիրը կարող է լինել, որը վերջնականապես կարող է որոշել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։ Բայց քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը 70 տարի եղել են  Սովետական Միության կազմում, որի փլուզումից հետո այլևս հնարավոր չի եղել որևէ միջազգային պայմանագիր ստորագրել, այսօր հնարավոր չէ սահմանել այն սահմանը, որը Նիկոլը թուրքի GPS-ով մաս-մաս հանձնում է  ադրբեջանցուն։ Միջպետական վարչական բաժանման մասին օրենքով բացառապես և միայն սահմանվում են ՀՀ վարչական տարածքների միջև սահմանները»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ քիչ առաջ իրեն գրել են Ճակատեն գյուղի բնակիչները, որոնք ասել են, որ հանրահավաքի մասնակիցներին փոխանցեն, որ Ճակատեն համայնքից կապի օպերատորներն ալեհավաքները հանում են։

«Ճակատեն համայնքին զգուշացրել են, որ գյուղը դառնալու է ադրբեջանական տարածք և պետք է հանձնեն։ Խոսել եմ Արամուսի հարգարժան համայնքապետի հետ, ասում է՝ մետր առ մետր Սյունիքը հանձնում ենք։ Պաշտպանության նախարար, բա Դուք չեք ամաչո՞ւմ, որ կանգնում ու ասում եք, թե մեր սահմաններն անառիկ են։ Մենք նիկոլիզմին տալու Հայաստան չունենք, Էրդողանին ու քո կիրթ ընկեր Ալիևին տալու Հայաստան չունենք»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս