Փաստաբանները պահանջում են վերացնել ռազմական դրությունը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց
Այսօր փաստաբանները ՀՀ փաստաբանների պալատից երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ ԱԺ են ներկայցնելու երկու փաստաթուղթ:
«Մեկը՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդոր է ԱԺ այն պատգամավորներին, ովքեր փաստաբանի կարգավիճակ են ունեցել և կասեցրել են՝ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված: Մյուսն ուղղված է Ազգային ժողովին, որով պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Ապա երթով ուղևորվելու ենք ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելու հանցագործության մասին հաղորդում: Կարծում ենք, որ ուսումնասիրության արդյունքներով առերևույթ առկա են դավաճանության հանցակազմի տարրեր՝ վարչապետի արարքում»,- ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահը:
Նրա կարծիքով՝ պատգամավորներն այս պահին դուրս չեն գալիս «Իմ քայլը» խմբակցությունից, որովհետև «մեկը մյուսին սիրտ տալով՝ իրականությունից կտրվել են»:
«Իրենց թվում է, որ վարչապետի ձեռքին է իշխանությունը, բայց ես կարծում եմ, որ այդպես չէ, վարչապետն այս պահին իշխանություն չունի, ժողովուրդը բնավ չի վստահում և չի ընդունում: Այո, կան խմբեր, որոնք դեռևս շարունակում են նրան հարել, բայց կարծում եմ՝ պատգամավորներն էլ երբ որ տեսնեն ամբողջ հանրույթը՝ մասնագիտական, քաղաքացիական խմբերը երբ վարչապետին մերժեն՝ իրենք էլ խելքի կգան և կանցնեն ժողովրդի կողմը»,- նշեց Արա Զոհրաբյանը:
Նա հավելեց՝ քանի որ այսօր գործադուլ է, փաստաբանները, իհարկե, կամավորության հիմունքներով, չեն մասնակցելու դատական նիստերի, քննչական գործողությունների:
Անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ կապված միջադեպին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահն ասաց, որ գործի նյութերին ծանոթ չէ, բայց դատելով հրապարակային տեղեկություններից՝ կարծում է, որ ամեն դեպքում այն քաղաքական հետապնդում է՝ կապված իր վերջին դիրքորոշման հետ, այն է՝ չի թույլատրելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ: