«Այսօր դուք ցույց տվեցիք աշխարհին, որ ձեզ հայրենիք պետք չի, որ ձեզ արժանապատվություն պետք չի: Վստահաբար եմ ասում, եթե Եռաբլուրում հանգչող տղաները, հրաշքով կենդանանային, իրենք կխոսեին ձեր փոխարեն». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր դուք ցույց տվեցիք աշխարհին, որ ձեզ հայրենիք պետք չի, որ ձեզ արժանապատվություն պետք չի: Վստահաբար եմ ասում, եթե Եռաբլուրում հանգչող տղաները, հրաշքով կենդանանային, իրենք կխոսեին ձեր փոխարեն:

Կխոսեին ու կպատմեին, թե ինչ ջանքերով, արյունք-քրտինքով, ինչ հավատով ու ինչպիսի ավյունով են ազատագրական պայքար մղել Արցախյան առաջին հաղթական պատերազմում, որը Նիկոլն ու իր դավաճանական ցանցը վաճառեց թուրքին:

Ձեզ կպատմեին հերոսության բազմաթիվ, աներևակայելի դրվագներ: Կպատմեին ու ամոթանք կտային, որ այսօր դավաճանին ուղեկցել եք պղծելու հայոց հպարտության ու խոնարհումի սրբավայրը:

Կխոսեին ու կպատմեին, թե երիտասարդ զինվորներն ու հրամանատարներն ինչպիսի քաջագործություններով են 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմում կասեցրել թշնամուն ու ստիպել, որ կրկին զինադադար մուրա Հայաստանից: Իսկ Նիկոլն ու իր դավաճաական ցանցը վաճառեց նաև ապրիլյան հերոսների սխրանքները: Իսկ դուք ուղեկցեցիք նրան, որպեսզի դավաճանը պղծի հայոց հպարտության ու խոնարհումի սրբավայր Եռաբլուրը:

Հազարավոր թարմ շիրիմներից ձեզ կատմեին, թե ինչպես է Նիկոլն ու իր դավաճանական ցանցը ձախողել, պարտության մատնել, խառնաշփոթի ու քաոսի վերածել վերջին խայտառակ պատերազմը՝ պատճառ դառնալով 5000-ից ավելի զոհերի ու անհետ կորածների ու Հայրենիքի կորստի համար: Իսկ դուք ուղեկցել եք դավաճանի երթը դեպի սրբավայր:

Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերին ստիպել են քայլել իրենց հետևից, որ ձեզանից շատերն ամոթի ու մեղքի զգացումով են այսօր մտել Եռաբլուր պանթեոն: Վստահ եմ, որ հոգու խորքում դուք ձեզ գուցե նաև չներեք: Բայց դավաճանը, ձեր ծափահարությունների ներքո, աշխարհին ցույց տվեց, որ հայ ժողովրդի ազատության, ինքնիշխանության ու Հայրեիքի համար մղած պայքարը կեղծ է: Ցույց տվեց, որ վաղը կարող են մեզ զրկել նաև Հայաստանի ու Արցախի մնացած հատվածներից, որովհետև Հայաստանում կա հայերի մի հատված, ովքեր չեն գիտակցում Հայրենիքի գինը, ու դեռ պատրաստ են մեր երկրում ներդրված դավաճանի հետևից գնալու:

Կարևոր չէ, թե այսօր քանի մարդ է քայլել Նիկոլի հետևից՝ 1000 թե՞ 10000: Դրանից էությունը չի փոխվում: Ամոթն ու խայտառակությունը՝ դեռ մեզ հետ է: Հավատացեք, ես ձեզանից յուրաքանչյուրի համար ամաչել եմ, որովհետև մենք նույն Ազգի ներկայացուցիչներ ենք: Բայց նաև հավատում եմ, որ վաղը ձեզանից շատերով հպարտանալու եմ, քանի որ հնարավոր չէ, որ Հայ մարդը, Հայ տեսակը հաշտ ու համերաշխ լինի դավաճանի հետ:

Մեր ժողովուրդը, իր ծանր պատմության ընթացքում, դավաճանությունն ու սեփական ազգի դեմ գործած մեղքերը ոչ մեկին դեռ չի ներել, ոչ մեկին: Եվ գալու է Նիկոլին համազգային դատաստանի առջև կանգնեցնելու ժամանակը, ու ձեզանից շատ-շատերը ողջունելու են դա»:

Տեսանյութեր

Լրահոս