«Ժամանակն է համախմբվելու, սթափվելու և առաջ գնալու». Պարգև Սրբազան
Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ պատարագ մատուցվեց՝ ի հիշատակ Արցախի պատերազմում զոհված նահատակների։
Պատարագին մասնակցում էին նաև 17 ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Տերունական աղոթքից հետո, Պարգև Սրբազանը դիմելով ներկաներին՝ ասաց, որ 40 օր է անցել այն օրից, երբ հայտարարվեց զինադադար։
«Այսօր մենք ձեզ հետ միասին սգո արարողություն ենք կատարում ի հիշատակ մեր սուրբ նահատակների։ Ավետարանական ճշմարտություն կա՝ երանի նրան, ով կյանքը կտա ընկերոջ համար, ավելի երանի նրան, ով կյանքը կտա ազգին, հայրենիքին։ Այսօր մեր երկնային սրբերի բանակն ավելացավ 5 հազարով, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքին։ Նահատակներն ամենաթանկագինն ու ամենապայծառն են երկնքում, որովհետև նրանք գիտակացաբար գնացին դեպի մահ՝ մահով ապահովելով հարվերժությունը։ Այսօր մենք ոգեկոչելով մեր երեխաների հիշատակը՝ պետք է նրանց երազանքը կյանքի կոչենք։ Այո, ծանր, վտանգավոր վիճակում ենք գտնվում, հաղթում է նա, ով չի ընկճվում»,- իր խոսքում ասաց Պարգև Սրբազանը։
Նա ընդգծեց, որ ցանկացած ազգ պետք է կարողանա փորձությունները հաղթահարելու կամք ցուցաբերել։
«Պետք է կարողանանք իմաստուն որոշումներ կայացնել, չլինենք սև ու սպիտակ, կարմիր ու դեղին, միայն միաբան ու համազգային ուժերով կկարողանանք հարթել մեր ապագան։ Մեր ճակատագիրը չպետք է թողնենք ուրիշներին, մենք պետք է այն կառավարենք, մենք ունենք այդ հնարավորությունը։ Ժամանակն է համախմբվելու, սթափվելու և առաջ գնալու։ Թող Աստված մեր նահատակների հոգին լուսավորի, նրանց հարազատներին Սուրբ հոգով մխիթարություն պարգևի։ Մեզ էլ համբերություն, ուժ, կարողություն, հավատք, զգոնություն»,- եզրափակեց արքեպիսկոպոսը։