«Քանի Նիկոլ Փաշինյանը կա՝ հայ ժողովուրդը անվտանգության ոչ մի երաշխիք չի կարող ունենալ». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մոլուցք ունի՝ հանձնել հնարավոր կամ անհնարին ամեն ինչ:

«Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ամեն կերպ այդ մարդը փորձում է առավելագույնը հանձնել՝ և՛ տարածքներ, և՛ հայկական շահեր: Կոնկրետ Սյունիքի հետ կապված խնդիրները պետք է մի քանի կոնտեքստով և ավելի գլոբալ նայել: Փորձենք հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը կոնկրետ Սյունիքով նման քաղաքականություն վարում, այն պարագայում, որ սահմանների սահմանազատումը ցանկացած պետությունների միջև տարիների աշխատանք է: Օրինակ՝ ադրբեջանավրացական սահմանը մինչև հիմա մինչև վերջ սահմանազատված չէ, նույն ձևով՝ հայ-վրացական սահմանը, իսկ այստեղ, որտեղ փաստացի գործ ունենք թշնամի պետության հետ, Նիկոլ Փաշինյանը մոլագարի պես փորձում է առավելագույնը հանձնել հայկական շահերը: Նա հանձնում է այն ստրատեգիական բարձունքները, որոնք ապահովում էին Սյունիքի անվտանգությունը: Ինքն այն պարագայում է շտապում, որ նման հարց գլոբալ առումով չէր էլ դրվել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Ալիևը հայտարարել էր՝ Զանգելանի և Կուբաթլուի շրջանները լիովին «ազատագրված» են, դրա համար այս տարածքների մասին ընդհանրապես խոսք չկար համաձայնագրի տեքստում:

«Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ Զանգելանի և Կուբաթլուի շրջաններն ազատագրված են և ըստ դրա՝ ստացվում էր, որ Սյունիքից հանձնվող տարածքները Զանգելանի և Կուբաթլուի շրջաններ չեն: Եթե Ալիևը համարեր, որ այդտեղից դե յուրե տարածքներ են մնացել, դա համաձայնագրի տեքստում կլիներ, ինչպես այնտեղ ներառվել են Քարվաճառի և Աղդամի շրջանները: Այս պարագայում, Նիկոլ Փաշինյանը՝ շտապողականություն ցուցաբերելով, ասում է՝ գիտե՞ք ինչ կա, սա մերը չէ, սա Ադրբեջանինն է: Ինչո՞ւ է նա գնում այդ քայլին: Սա գլոբալ քաղաքական խաղ է: Այս անձը շահագրգռված է ամեն գնով Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, և այդ պարագայում ինքը պատրաստ է զոհաբերել հայկական բոլոր շահերը, տարածքները, որպեսզի հանկարծ հարցականի տակ չդրվի ադրբեջանցիների հետ դիվանագիտական հարաբերությունները, այն, ինչ նա ուզում է անել: Դրա համար ինքը զոհաբերում է ստրատեգիական տարածքները, այն պարագայում, երբ տեսնում է, թե եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ինչպիսի քաղաքականություն է ցուցաբերում Ադրբեջանը:

Եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ համաձայնագիրը, այլ մշտապես սադրանքների է դիմում՝ փորձում է գրավել նոր տարածքներ, որոնք համաձայնագրով ինքը պետք է մուտք չունենար, դրանից հետո ինքը նոր հայ զինվորների է փորձում գերեվարել, ոչ միայն գերեվարում է, այլև գնդակահարում է գերեվարված հայ զինվորականներին: Այսինքն՝ մենք գործ ունենք մի պետության հետ, որը երբևիցե չի կանգնելու: Այդ պարագայում դու զոհաբերում ես հայկական շահերը՝ հանուն ինչի՞, որ ավելի մոտեցնե՞ս հակառակորդին, որ ոչ միայն Հադրութի գյուղերի սպառնալիքը լինի, այլ Կապանի և ողջ Սյունիքի՞ սպառնալիքը լինի: Փաշինյանի ողջ քաղաքականությունը թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո, ուղղված է եղել միմիայն հայկական շահերը զոհաբերելուն»,- ընդգծեց վերլուծաբանը:

Արգիշտի Կիվիրյանը նկատեց. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը խելապակաս է, դա փաստ է, թե դրան գումարվում է թելադրանքը՝ դավաճանության հետ զուգորդված, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Քանի Նիկոլ Փաշինյանը կա՝ հայ ժողովուրդը անվտանգության ոչ մի երաշխիք չի կարող ունենալ: Նա տապալեց այն ամենը, ինչ հնարավոր է՝ տապալեց դիվանագիտությունը, կործանման հասցրեց հայոց բանակը, այսինքն՝ այն ամենը, ինչ կարող էր պաշտպանել հայ ազգին: Թող իր վրա ինքնավստահ՝ Սյունիք մեկնի այն ճանապարհներով, որն ինքն արդեն հանձնեց ադրբեջանցիներին, տեսնենք՝ որքանով է ապահովված անվտանգությունը: Մենք տեսնում ենք, որ այդ ճանապարհների վրա տեղի է ունենում հայ բնակչության գերեվարում, պատանդ վերցնել, այդ անձանց սպանություններ, նվաստացումներ, ծեծ, կտտանքներ. դա մշտապես եղել է ադրբեջանցիների քաղաքականությունը: Քանի որ հիմա այդ պաշտպանական գծերն ընկել են, նրանք ավելի ագրեսիվ ձևով են փորձելու դա իրականացնել: Նիկոլ Փաշինյանը մշտապես զբաղված է հայ հասարակությանը մոլորեցնելով»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ուր էլ այցելի՝ բախումների օջախ է առաջանալու. «Ուր էլ գնա Նիկոլ Փաշինյանը՝ հաստատապես մի տեղ կառաջանան բախումներ, որովհետև հասարակության լայն շերտերի աչքում այդ մարդը հանդես է գալիս՝ դավաճան, մի մարդ, որն ազգը հասցրել է անկման, պարտության: Նիկոլ Փաշինյանը ուր ոտքը դնի՝ կառաջանան բախումներ»:

Անդրադառնալով Փաշինյանի և նրա աջակիցների այցին Եռաբլուր, որն ուղեկցվում էր ծափերով և բացականչություններով, նա ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե իրական սգալն էր, այլ փորձել հայ հասարակությանը հրամցնել, որ ինքը դեռ ունի աջակցություն՝ հասարակության շրջանում: Այսինքն՝ ամեն կերպ փորձել հավաքել մարդկանց՝ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսները, որպեսզի ժողովուրդին ասի՝ տեսեք՝ ես ունեմ կողմնակիցներ: Իրականության մեջ, Նիկոլ Փաշինյանը իր էությամբ անկարող է սգալ, այդ սուգը, որի մեջ հայտնվել է հայ ազգը, Եռաբլուրում հազարավոր մեր երեխաների գերեզմանները իր քաղաքականության, իր անձի արդյունքն է: Եթե այդ մարդն ընդունակ լիներ սգալ, ազգը չէր հասցնի այս աղետին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս