Մեր տունը, ունեցվածքը, մեքենաները, ամեն ինչ թողել ենք թշնամուն. Շուշիից տեղափոխված ընտանիքն օգնության կարիք ունի
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո Հայաստանի տարբեր շրջաններում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիները հաճախ բախվում են տարբեր խնդիրների, իսկ դրանցից ամենակարևորն աշխատանքի բացակայությունն է, բնակարանային վատ պայմանները, հագուստի բացակայությունը:
«Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից ենք եկել: Հարս ու թոռնիկներս դուրս են եկել սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 10-ին էլ՝ ես, Շուշին գրավելուց հետո էլ՝ ամուսինս, որդիներս են եկել: Այս պահին բնակվում ենք Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Բյուրավան համայնքի մանկապարտեզում: 8 հոգի ենք, տղաներս՝ 26, 20, աղջիկս՝ 15, թոռնիկներս՝ 4 տարեկան և 7 ամսական, հարսս՝ 25, ես ու ամուսինս էլ՝ 47, 48 տարեկան ենք: Մանկապարտեզում խոնավ է, մի կերպ ապրում ենք: Այս պահին ունենք կոշիկի, տաք հագուստի, մահճակալի ( լեժանկա), անկողնային պարագաների, վերմակի, ներքնակի, ինչպես նաև ավտոմատ լվացքի մեքենայի կարիք: Համայնքապետարանը սննդի հարցով օգնում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց շուշեցի տիկին Անահիտը:
Ցավոք, ընտանիք անդամները ոչինչ չեն հասցրել իրենց հետ բերել, քանի որ և՛ անակնկալ է եղել պատերազմը, և՛ Շուշիի ընկնելը:
«Մեր տունը, ունեցվածքը, մեքենաները, ամեն ինչ թողել ենք թշնամուն: Մենակ 60 պարկ լոբի էի հավաքել, կարտոֆիլ… լրիվ մնաց թշնամուն: Մենք չէինք սպասում, որ այսպիսի բան է լինելու, մտածում էինք՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի նման է: Չգիտեմ, թե ինչ ենք անելու, ոչ տուն ունենք, ոչ աշխատանք»,- նշեց նա:
Ընտանիքին կարող եք օգնել՝ կապ հաստատելով նշված հեռախոսահամարով 097350593: