«Այսօր Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, պղծեց Եռաբլուրը․․․ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը». Իշխան Սաղաթելյան

«Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար: Այսօր նա, ըստ էության, պղծեց Եռաբլուրը: Նա կրկին երկիրը տանում է ցնցումների՝ հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի: Բոլորին արդեն ակնհայտ է, որ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի ներքին կայունությունը և համերաշխությունը»,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ պետական ապարատը 2 օր լծվել էր այսօր Հանրապետության հրապարակը քաղաքացիներով լցնելու համար: Ըստ Սաղաթելյանի՝ այսօր իրենց նպատակն է՝ կասեցնել երկրի անկումը, պաշտպանել երկրի սահմանները և անվտանգությունը  ու երկրում հաստատել համերաշխություն, կայունություն, վերջ տալ ստին ու կառուցել երկիրը:

«Այս ճանապարհին կա մեկ խոչընդոտ, արդեն կարող եմ ասել՝ չարորակ ուռուցք: Դա այսօրվա գերագույն գլխավոր դավաճանն է, որին պետք է մենք միասնաբար, միասնական ուժերով հեռացնենք և կառուցենք մեր երազած հայրենիքը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Վերջինս Ազատության հրապարակում հավաքվածներին մեկ անգամ ևս հիշեցրեց ավելի վաղ հնչեցրած իրենց պայմանավորվածության մասին, որի համաձայն՝  երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին ՀՀ-ում հայտարարում են գործադուլ, դասադուլ և բողոքի անհնազանդության զանգվածային միջոցառումներ:

«Երեքշաբթի օրը, ժամը 12-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում հանրահավաքի՝ զուգահեռաբար շրջափակելու ենք կառավարության և այլ նախարարությունների շենքերը: Այս կառավարության գործունեությունը միայն չարիք է բերում: Այս կառավարության որոշումները հակապետական են, հակազգային են և չեն բխում մեր ժողովրդի շահից, հետևաբար, լավ է այդ աթոռները մնան դատարկ, դրանք ավելի անվտանգ կլինեն, քան աշխատեն մեր ժողովրդի դեմ: Ուրեմն, ինչպես պայմանավորվել ենք՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում պետական համակարգից, ապա այդ համակարգը պետք է հեռացնենք իրենից»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս