«Մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն պետք է հեռանա և հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Երբեք չէի ցանկանա այստեղ կանգնած լինել և այսպիսի հարցով»,- Ազատության հրապարակում աղոթք հնչեցնելուց հետո խոսքն այս բառերով սկսեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած հանրահավաքի ընթացքում ելույթ ունենալով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հիշեց 32 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարը, երբ Ղարաբաղյան շարժմանը, իր խոսքով, որպես սարկավագ գտնվում էր Ազատության հրապարակում:

«Երբեք չէի կարող երևակայել, որ 32 տարի հետո կարող եմ կանգնել այստեղ՝ տխուր հայացքով, տխուր սրտով, տխուր մտածումով, կոտրված մեջքով, կորցրած շատ բան այն ամենից, ինչը որ ձեռք բերեցինք այն տարիների ընթացքում: Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը, որ հետո դարձավ կաթողիկոս Կիլիկիո, Կարսի անկումը համարում էր իր կյանքի մեծագույն դժբախտության օրը: Ես և երևի ինձ նման ձեզանից շատերը կհամարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն իրենց կյանքի ամենադժբախտ օրը: Հասկացողները կհամարեն, անհասկացողները չեն համարի: Նրանք, որոնց Աստվածը իրեն որովայնն է,  իրենց որկորն է, և իրենք ապրում են միայն  կուշտ լինելու համար, նրանք չեն հասկանա: Կհասկանան այն մարդիկ, ովքեր գիտեն՝ հայրենիք կորցնելը ինչ է նշանակում»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ այսօր երկիրը վշտի խորխորատում է, բայց պիտի նայի վեր՝ դուրս գալու այդ խորխորատից: Ու դրա համար կա մեկ ցանկություն:

«Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ թողնի, հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու: Մենք ոչ թե այսօր, այս 3 օրը սուգի մեջ պետք է լինենք, մենք, 84 օր է՝ սուգի մեջ ենք՝ ամեն մի զոհված զինվորի համար մղկտալով, ամեն մի թիզ հողի կորստով: Եվ այսօր եկել է թշնամին, հասել է Սյունյաց սահմաններ, ոտքով մտնում է, թիզ առ թիզ հաշվում է, և մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու․․․ Զիջելու տե՞ղ է մնացել:

Հետևաբար, ես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն իսկ չունեմ, բայց հայրենիքի կորստի հետ հաշտվելու հնարավորություն չունեմ: Ես իմ ապրելու իմաստն եմ կորցրել, իմ ապրած տարիների իմաստն եմ կորցրել, իմ հպարտությունն եմ կորցրել, իմ երջանկությունն եմ կորցրել, իմ անցյալ ճանապարհն եմ կորցրել…

Մեր դժբախտությունն այն է եղել, որ խոսքով զոհաբերվելու պատրաստ եղել ենք, բայց գործով զոհաբերվելուց միշտ խուսափել ենք, միշտ մտածել ենք՝ կողքի հարևանը պիտի անի այն, ինչ որ մեզանից է ակնկալում: Հետևաբար՝ ուրիշ ճանապարհ չկա, և վաղ թե ուշ վարչապետի աթոռը զբաղեցնողը հեռանալու է: Բայց ամեն մի օր, որ մնում է, նա մեզ ավելի է քաշում դեպի խորխորատ, և եկողի, հաջորդի համար, ով որ պիտի գա մեզ փոսից հանելու, ավելի դժվարանալու է այս փոսից հանելը, որովհետև ամեն մի օր, որ այդ մարդը մնում է, մենք ավելի ենք խրվում ճահճի, կեղտի և ցեխի մեջ»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս