«Դավաճանական երթը պիտի չմտնի Եռաբլուր». Դավիթ Շահնազարյան

Այսօրվանից՝ կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումից 40 օր անց,  ՀՀ-ում հայտարարված է եռօրյա սուգ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ժամը 13.00-ից Հանրապետության հրապարակից մեկնարկելու է նահատակների հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր: Եվ որպեսզի Նիկոլ Փաշինյանի ու այդ երթի մասնակիցների մուտքը Եռաբլուր թույլ չտրվի, մի շարք ազատամարտիկներ, զոհվածների հարազատներ վաղ առավոտից Եռաբլուրում են:

«Դավաճանական երթը պիտի չմտնի Եռաբլուր, որովհետև նրանք, ովքեր այսօր կմասնակցեն Փաշինյանի երթին, նրանք իրենց վրա կվերցնեն այն ողջ պատասխանատվությունը՝ Փաշինյանի և նրա կառավարության բոլոր արածների համար. կապիտուլյացիա, Արցախի մեծ մասի հանձնում,  ահռելի վտանգ Հայաստանին՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա Սյունիքում, և իրենց վրա կվերցնեն 2.5 տարի ամեն օր արված պետական դավաճանությունը Փաշինյանի կողմից, կկիսեն այդ մեղքերը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել մոբիլիզացնել վարչական բոլոր ռեսուրսները:

«Ոստիկանության պետերը հրահանգ են ստացել իրենց մոտ հաշվառված անձանց՝ թմրամոլներ, քրեական տարրեր, բոլորին ընդգրկել այս երթին: Բոլոր պետական հիմնարկները՝ Ատոմակայան… այսինքն՝ վերջին ռեսուրսներն է Փաշինյանը նետում՝ փորձելով ցույց տալ, թե իբր տեսեք՝ ինքը աջակցություն ունի:

Ես բոլորին կոչ եմ անում հրաժարվել, չմասնակցել այդ երթին, դա դավաճանների երթ է: Մերժեք պետական դավաճանների երթը: ԱԱԾ-ն և ոստիկանությունը հրահանգ է ստացել նաև ներգրավվել այդ երթին գործակալական ցանցին: Սա արդեն հանցագործություն է, որը նրանք կազմակերպել են: Ուրեմն այսպես, դավաճանների երթը մուտք չի գործելու Եռաբլուր»,- ասաց Շահնազարյանը:

Լրագրողների հետ զրույցում Շահնազարյանը չբացառեց բախումների հնարավորությունը:

«Փաշինյանը հրահրել է այդ բախումները, և եթե հրահրի, կստանա արժանի պատասխան, դրանում կարող է չկասկածել»,- ասաց նա:

Անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող սահմանազատման աշխատանքներին ու դրանից բխող հնարավոր վտանգներին՝  Շահնազարյանն ասաց, թե վտանգված են  ոչ միայն սահմանները, ու ոչ միայն Սյունիքը, այլև ողջ Հայաստանը:

«Փաշինյանը կառչած է իշխանությունից, որովհետև դեռ քայլեր ունի անելու: Նա պետք է զորքերը հետ քաշի, առնվազն 7-8 գյուղ հյուսիսում հանձնի Ադրբեջանին, Վայքի մարզում հանձնի, Արարատի մարզում հանձնի և, իհարկե, Սյունիքում, և նրա քիչ առաջ ասած հերթական դավաճանությունը, որ տարածքներ տալով՝ մենք ավելի անվտանգ ենք լինելու: Բացի դրանից նա պատրաստվում է սահմանազատման պայմանագիրը կնքել Ադրբեջանի հետ, ինչո՞ւ չէ, հաստատել նաև դիվանագիտական հարաբերություններ, նա պատրաստվում է  Սյունիքով մի քանի ճանապարհներ, այդ թվում՝ գազամուղներ և նավթամուղներ Ադրբեջանից Թուրքիա թույլատրել, որ կառուցվի, որոնք Հայաստանի վերահսկողության տակ բացարձակապես չեն լինելու, և բացի դրանից՝ նա նաև նպատակ ունի մոտ ապագայում հաստատել դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ: Այսինքն, ամբողջովին փոխում է… Գիտե՞ք, այն Հայաստանը, որ կար մինչև սեպտեմբերի 27-ը, այլևս չկա: Մենք ունենք  ծվատված և ամեն օր թուլացող, քանդվող պետականություն, Արցախի մասին չեմ ասում: Նպատակաուղղված թուլացնում է բանակը: Ուստի այսօր նրան թույլ չտալով, որպեսզի նա գա, իր դավաճանական երթով մտնի այստեղ, մենք դրանով, կարծում եմ, շատ ծանր հարված հասցրած կլինենք այս՝ պետական դավաճանություն գործող իշխանությանը… Փաշինյանի խոսքերը նշանակություն չունեն ո՛չ Հայաստանում, ո՛չ Հայաստանից դուրս, որովհետև նրան արդեն որևէ տեղ լուրջ չեն ընդունում: Եվ մեր հանրությունը նույնպես: Այսօր նրա օր առաջ հեռանալը հանրային պահանջ է: Այսօր Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը համոզված է, որ երկրում 2.5 տարի ամեն օր տեղի է ունեցել պետական դավաճանություն»,- խոսքը եզրափակեց Դավիթ Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս