Դիլիջանի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով վաճառված գողոնը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տավուշի մարզի Հովք գյուղում անասնագոմից գողացել են մեկ գլուխ երինջ:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, արձանագրել` որտեղից, ինչպես է կատարվել գողությունը: Որոնողական աշխատանք սկսվեց:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը կատարել է Արարատի մարզի Այնթապ գյուղի 41-ամյա մի բնակիչ:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Դիլիջանի բաժին:
Պարզվել է, որ նա դեկտեմբերի լույս 13-ի գիշերը անասնագոմից գողացել է երինջը, «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայով տեղափոխել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղ ու վաճառել է:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: