Մեզ պետք է գոնե այսօր հանդես գալ ճիշտ այն դերում, որում 1920-1921թթ. հանդես եկավ Ադրբեջանը՝ դառնալով Հարավային Կովկասում ընդլայնվող ռուսական տերության համար մեկ դաշնակիցը. Սամվել Ֆարմանյան
Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչու այսպես եղավ և ինչպես հաղթել Ադրբեջանին
Ճիշտ այնպես, ինչպես երեխան սխալ գործելիս է, որ վազում է ծնողի մոտ՝ խորհուրդ հարցնելու, այդպես էլ ժողովուրդներն են. աղետի ժամանակ է, որ վերադառնում են իրենց ծնողի՝ անցյալի կամ պատմության գիրկը, նախ հասկանալու, թե ինչու այդպես եղավ, ապա «խորհուրդ» հարցնելու, թե ինչպես հաղթած դուրս գալ այդ վիճակից:
Ինչպես ծնողի խորհուրդը երեխային, այդպես էլ պատմության դասերը ժողովուրդներին, պատրաստի դեղատոմսեր չեն, որ անես կամ ընդունես, ու խնդիրը ինքնաբերաբար լուծվի, այլ ընդամենը հարյուրամյակների կամ հազարամյակների փորձով բյուրեղացած օրինաչափություններ ու ճշմարտություններ են, որոնք անգամ, եթե որպես «դեղամիջոց» տվյալ պահին բուժիչ չեն, սակայն դրանց անտեսումը՝ նոր փորձանքի ու նոր աղետի երկաթյա երաշխիքներ են:
Հիմա, երբ հայ ժողովուրդն ապրում է վերջին հարյուրամյակում իրեն բաժին հասած ամենամեծ աղետը, շատերի հայացքն է ուղղված անցյալին՝ պատմությանը: Ոմանք դա անում են մակերեսայնորեն, որպես «անցյալ» ու «պատմություն» ընկալելով վերջին 2.5 կամ 20/30 տարիները՝ հետանկախական շրջանը: Առավել խորաթափանց ուղեղները ճշմարտացիորեն ավելի հեռուն են գնում և զուգահեռներ փնտրում 1920 թ. իրադարձությունների հետ, երբ թուրք-հայկական պատերազմում Հայաստանը պարտություն կրեց, ինչի արդյունքում Հայաստանը տարածքային ու մարդկային մեծ կորուստներ ունեցավ, և ի վերջո դադարեց գոյություն ունենալ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Մամուլում ու սոցիալական ցանցերում վերջին մեկ ամսում ամենատարբեր լրջության տասնյակ նման հրապարակումներ են եղել ու վստահ եմ՝ դեռ կլինեն:
Որքան էլ զարմանալի թվա, հայ ժողովրդին այսօր հուզող ամենակարևոր երկու հարցերի «պատասխանը» տալիս է հենց իր ոչ վաղ անցյալի՝ մեկ դար առաջվա պատմությունը: Ուրեմն, այդ «պատասխանը» բնավ էլ թաքնված չէ հաստափոր գրքերի էջերում կամ արխիվի դարակներում, որ քչերին լինի տեսանելի: Այն բոլոր սրատես մարդկանց աչքի առաջ է՝ պարզ ու հասկանալի: Միայն, թե ցանկանաս այն տեսնել:
Ուրեմն, 1920 թ. և դրան անմիջապես նախորդած (1918-1919) ու հաջորդած (1921-1923) քաղաքական բուռն ու բախտորոշ իրադարձությունները քննադատաբար վերլուծելու դեպքում ջրի երես է դուրս գալիս երկու պարզ իրողություն, որոնք էլ տալիս են մեր ժողովրդին այսօր ամենաշատը հուզող այդ երկու ամենաէական հարցերի պատասխանը. Ա.) Ինչու՞ այսպես եղավ և Բ) Ի՞նչ անել կամ ինչպե՞ս հաղթել Ադրբեջանին:
Ա.) Հայաստանը 1920 թ. պարտվեց թուրք-հայկական պատերազմում և Հայաստանի 1-ին հանրապետությունն անկում ապրեց նախևառաջ այն պարզ պատճառով, որ հանրապետության այն ժամանակվա առաջնորդները վրիպեցին ամենակարևոր հարցում. նրանք ճիշտ պահին չնկատեցին կամ արժանի խորությամբ չհասկացան, որ մեր տարածաշրջանում դեռևս 1920 թ. նախորդած շրջանից սկսած տեղի էր ունենում ուժերի հարաբերակցության ռեալ փոփոխություն. Ռուսաստանում 1917 թ. ավարտին տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխությամբ և առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրության փլատակների վրա քեմալական Թուրքիայի ծնունդով Հարավային Կովկասում տեղի էր ունենում ուժերի այնպիսի շրջադարձային փոփոխություն, որի հետ քաղաքական սառնասրտությամբ հաշվի չնստելը պիտի բերեր ու բերեց պատերազմի, պարտության, տարածքային կորուստների, աղետի ու մեր անկախ պետականության կործանման: Անվանապես ու գործնականում էլ, լինելով առաջին աշխարհամարտում հաղթած Անտանտի կրտսեր դաշնակիցը և սպասելով Սևրի պայմանագրի կյանքի կոչմանը, Հայաստանի այն ժամանակվա առաջնորդները հնարավոր առավելագույնը կամ ոմանց գնահատմամբ՝ պատրանքները, գերադասեցին գետնի վրա տեղի ունեցած ուժերի շրջադարձային փոփոխությունը տեսնելու քաղաքական հրամայականից: Վճռորոշ սխալ, ինչի համար մեր ժողովուրդը փոխհատուցեց ճակատագրական կորուստներով: Ահա այսօր մեր ժողովրդին հուզող առաջին հարցի ճշմարիտ պատասխանը ստանալու դիպուկ բանալին՝ հասկանալու, թե ինչու այսպես եղավ արդեն մեր օրերում՝ 2020 թ.: Կարծում եմ, այսքանն ընթերցելով, միտք ունեցողն ինքնուրույն գլխի կընկնի, թե որտեղ են 1920 և 2020 թթ. իմ ակնարկած զուգահեռները՝ մտքում ունենալով նաև Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած թավշյա…. «հեղափոխությունն» ու անգամ դրան նախորդած իրադարձությունները:
Բ.) Կայսրություններն ու գերտերությունները կայսրություն ու գերտերություն են այնքանով, որքանով անընդհատ ձգտում են տարածքային կամ ազդեցության ընդլայնման սեփական պետության տարածքներից դուրս: Այդպես է եղել բոլոր ժամանակներում ու այդպես է նաև հիմա. փոխվել են միայն ընդլայնման և ազդեցության ձևերն ու դրա հնարները: Ահավասիկ, 1917 թ. ի վեր բոլշևիկյան Ռուսաստանը ձգտում էր ընդլայնել իր ներկայությունն ու ազդեցությունը ողջ Հարավային Կովկասում ու նրա սահմաններից էլ դուրս՝ արտահանելով բոլշևիկյան հեղափոխությունը և խորհրդայնացնելով այդ տարածքները: Դեպքերը զարգացան այնպես, որ դեպի Հարավային Կովկաս ընդլայնվող խորհրդային Ռուսաստանի ճանապարհին առաջինը խորհրդայնացվեց պետականության ընդամենը 2 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը՝ 1920 թ. ապրիլին: Արդյունքում, տարածաշրջանում քաղաքական հետագա զարգացումների ամենակարևոր գործոնը՝ բոլորին քաջածանոթ ռուսական 11-րդ կարմիր բանակը, հարավկովկասյան երկրներից առաջինը հայտնվեց հենց Ադրբեջանում: Առաջինը խորհրդայնացված լինելու ու իր տարածքում 11-րդ կարմիր բանակն արդեն ունենալու ուժով էլ 1920 թ. ապրիլից՝ Ադրբեջանի խորհրդայնացումից մինչև 1920 թ. դեկտեմբերի 2՝ Հայաստանի խորհրդայնացում, և մինչև Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի ստորագրում (1921 թ. մարտ ու հոկտեմբեր) ու Արցախի ճակատագրի որոշում 1921 թ. հուլիս) Ադրբեջանը շահեց ռուսական իշխանությունների բարեհաճությունը, և սեփական շահերը համադրելով Ռուսաստանի շահերի հետ, կարողացավ ստանալ ռուսական իշխանությունների՝ Լենինի, Ստալինի, Չիչերինի և այլոց աջակցությունը տարածքային գրեթե բոլոր «վիճելի» համարվող հարցերում: Նախիջևանի ու Արցախի հետագա ողբերգական ճակատագիրը այս ամենի արտացոլանքն էր ընդամենը:
Այս համառոտ պատմական ակնարկից հետո, գալով մեր օրերին ու արդեն ունենալով Ա հարցի վերոշարադրյալ բանալին, սրատես աչքի ու խորաթափանց մտքի համար պիտի պարզ լինի, որ հանգամանքների բերումով այսօր 1920 թ. Ադրբեջանի դերում հայտնվել ենք մենք՝ Հայաստանն ու Արցախը, որքան էլ ծվատված ու պարտված: Հայաստանն է դեպի Հարավային Կովկաս կրկին ընդլայնվող Ռուսաստանի դեռ միակ դաշնակիցը ռազմաքաղաքական ու տնտեսական կառույցներում՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, Հայաստանում ու Արցախում են տեղակայված ռուսական զինված ուժերը կամ 1920 թ. բառամթերքով ասած «11-րդ կարմիր բանակը»:
Հետևաբար, օձի խելք պետք չի ունենալ՝ հասկանալու համար մեր իսկ պատմության այս դասը, թե որտեղ փնտրել ու ինչպես գտնել մեր ժողովրդին այսօր ամենաշատը հուզող երկրորդ հարցի պատասխանը՝ ինչպես այս աղետալի իրավիճակից դուրս գալ հաղթած կամ ինչպես հաղթել Ադրբեջանին: Մեզ պետք է գոնե այսօր, թեև ուշացած, ճիշտ ու սառնասրտորեն գնահատել տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները և առանց ավելորդ սեթևթեթանքների հանդես գալ ճիշտ այն դերում, որում 1920-1921 թթ. հանդես եկավ Ադրբեջանը՝ դառնալով Հարավային Կովկասում ընդլայնվող ռուսական տերության համար մեկ դաշնակիցը և արդյունքում՝ տարածքային առումով շահած կողմը:
Մնացյալ ամեն ինչը, որքան էլ կարևոր, սակայն իր քաղաքական նշանակությամբ ածանցյալ են՝ մեր բանակի վերականգնումից մինչև Արցախի վերածնունդ, սոցիալական, հոգեբանական ու այլ կարևոր հարցեր: Այդ ամենը, նաև խաղաղության ու բարգավաճման տևական երաշխիքները ինքնաբերաբար եկող հանգամանքներ են՝ ածանցվելով այս առանցքային հարցի շուրջ չուշացած ու սառնասիրտ որոշումների կայացումից:
Իսկ թե ով/ովքեր ու ինչ քայլերով կարող են այսօր ստեղծված իրավիճակում մեր երկիրը տանել տևական հաղթանակի այս գրեթե երաշխավորված ճանապարհով, թող դատի մեզանից յուրաքանչյուրը՝ կշեռքի նժարին դնելով Հայրենիքի ապագայի հանդեպ պատասխանատվությունն ու պահի պատմական լրջությունը:
Ես ինքս ինձ համար այս կարևոր հարցի պատասխանն ունեմ»: