«Ալիևը նույն սխալն է անում, ինչ անում էին շատ մարդիկ՝ իրեն Աստծո տեղն է դնում, այդ մարդիկ հետո պատժվեցին». Դավիթ Բաբայան

Ադրբեջանի նախագահն այսօր  ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպմանն անդրադառնալով Արցախի հիմնախնդրին, նշեց, որ Արցախի հարց գոյություն չունի, այն արդեն անցյալում է և դարձել է պատմություն։ Նա հերթական անգամ մեղադրել է Հայաստանին բանակցային գործընթացը տապալելու համար։ Միևնույն ժամանակ, պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ պետք չէ նրա վրա հարձակվել, քանի որ իրենք ջախջախել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ստեղծած բանակը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ ասաց, որ Արցախը կա ու գոյություն ունի, և այդ հայտարարության հետ կապված առաջանում են մի շարք հարցեր։

«Սա ի՞նչ է նշանակում՝ վերջնական խաղաղություն հայերի ու ադրբեջանցիների միջև՞, կամ Արցախի այն մասը, որը մնացել է՝ այլևս չի՞ ենթարկվելու ադրբեջանական հարձակումներին։ Սրանք հարցեր են, որոնք առաջացել են։ Որքան էլ ցավալի լինի, պետք է հիշել, որ այս պատերազմի ընթացքում Ադրբեջանը հասել է նրան, որ զավթել է Արցախի մեծ մասը, բայց դրանով հանդերձ՝ չէ՞ որ Արցախը կա։ Վստահ եմ, որ Արցախի մնացած տարածքների ու Հայաստանի նկատմամբ ունեցած հավակնություններից Ադրբեջանը երբեք չի հրաժարվել։ Ալիևը նույն սխալն է անում, ինչ անում էին շատ ու շատ մարդիկ, նախ և առաջ՝ դիտարկելով այդ հաջողությունները՝ իրեն Աստծո տեղն է դնում, հետո այդ մարդիկ պատժվեցին, բայց սա այլ հարց է, մենք դեռ այդ ամենը կտեսնենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ըստ Դավիթ Բաբայանի, անկախ ամեն ինչից, այս պահին հայկական կողմից պետք է ճիշտ քաղաքականություն տարվի։

«Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, պարտություն չէր Արցախին ու Ադրբեջանին, այլ պարտություն էր ինքներս մեզ»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությանը, Դավիթ Բաբայանն ասաց, որ Մինսկի խումբն իր նախկին գործառույթներն այլևս լրիվ ծավալով չի կարողանալու իրականացնել։

«Սա ոչ միայն համանախագահների ինստիտուտն է, այլ Մինսկի խումբ,  և որպեսզի այն վերանա, ապա Մինսկի կոնֆերանս պետք է հրավիրվի, որտեղ կլինեն բոլոր երկրները, և որտեղ վերջնականապես կհայտարարվի, որ այլևս կարիք չկա Մինսկի խմբի, որ հարցը կարգավորված է, և այլն։ Այս գործընթացը պահանջելու է որոշակի ժամանակ, և չի բացառվում, որ համանախագահների ինստիտուտը մնա՝ որպես փոխգործակցության հարթակ։ Դրան զուգահեռ՝ կարող են ստեղծվել նաև այլ  հարթակներ՝ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու համար, օրինակ՝ ռուս-թուրքական, հայ-ռուս-իրանական և այլն»,- եզրափակեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականը։

Տեսանյութեր

Լրահոս