Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, թե որ դեպքում ՀՀ-ն կդիտարկի Արցախի ճանաչման գործընթացը
Հայաստանը Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը կդիտարկի այն դեպքում, եթե Ադրբեջանը անհամաձայնություն հայտնի Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգում թողնելու վերաբերյալ:
Այս մասին ֆրանսիական «Le monde» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը»,- ասել է Արա Այվազյանը: