«Փաշինյանի ասածն անմտություն է, տրամաբանություն չկա դրա մեջ». Արթուր Եղիազարյան

«Շուշիի շրջանի Բերդաձորի գյուղերում որոշակի քանակով մարդկանց զենքերը հավաքել են, կան տեսանյութեր, որտեղ բնակիչներն ասում են՝ գոնե զենքը թողեք, որ կարողանանք ինքնապաշտպանվել, որովհետև մի քանի մետրի վրա սահման են հաստատում: Ասում են՝ երաշխիք չունեն, որ ոչխարներին գողանալուց հետո իրենց ու իրենց ընտանիքի անդամներին չեն գողանալու: Սա նորմալ չէ, երբ տեղացիները կամավորական շարժումով փորձում են պաշտպանել սահմանի ինչ-որ հատված, որովհետև սա կարող է նոր խնդիրների առաջ կանգնեցնել: Այստեղ պետք է պետությունը գործի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ բանակը պետք է կանգնի խաղաղ բնակչության և թշնամու միջև. «Հիմա ոչ ոք ոչնչի համար չի ցանկանում պատասխանատվություն վերցնել, չեն խոսում, կազմալուծված վիճակ է: Այդ մարդիկ և ուժերը պետք է հետ քաշվեն և թողնեն՝ գան մարդիկ և ուժեր, որոնք կարող են այս վիճակում արագ պատասխանատվություն ստանձնել, այլապես մենք շատ ավելի ծանր հետևանքներ կարող ենք ունենալ, և կսկսի համատարած քաոս տիրել»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ծաղրանքներից, ստորացումներից հետո էլ շարունակում է պնդել, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար. որպես փորձագետ՝ ինքը վերլուծե՞լ է, թե ինչի մասին է խոսում Փաշինյանը՝ հաշվի առնելով, որ ներկայիս լուծումն ընդունելի է բացառապես Ադրբեջանի ժողովրդի համար, նա պատասխանեց.

«Բացարձակապես տրամաբանություն չկա այդ նախադասության մեջ՝ ո՛չ նախկինում՝ կյանքը ցույց տվեց, որ դա սխալ էր, չնայած՝ ուտելուց Ադրբեջանի ախորժակը բացվել է, և իրենք էլ այս լուծումը ընդունելի չեն համարում, այնպես չէ, որ նրանք հիմա գոհ են: Հիմա նման միտք պնդելը, մեղմ ասած, անլրջության գագաթնակետն է, որովհետև հենց զորահանդեսի օրը Բաքվում տեսանք՝ ինչ հայտարարություններ արեցին Ալիևն ու էրդողանը: Դրանից հետո հայտարարել, թե պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար… նրանց համար ընդունելի է մեր իսպառ չգոյությունը այս տարածաշրջանում և հայկական պետության վերացումը, և նրանք բացահայտ դրա մասին խոսեցին: Նրանց համար դա է ընդունելին: Այդ նախադասությունը անմտություն է, ուրիշ կերպ չեմ կարող բնութագրել»:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը մեկ ելք ունի՝ հրաժարական տալ. «Չի՛ կարող պարտված ղեկավարությունը շարունակել պրոցեսը: անկախ քաղաքական հայացքներից՝ իմ երկրի ղեկավարը՝ իմ երկրի ղեկավարն է, ես նվաստացած եմ զգում, երբ տեսնում եմ՝ այլ երկրի ղեկավար ինչպիսի քամահրանքով է խոսում իմ երկրի ղեկավարի հասցեին, և ոչ մի պատասխան չի ստանում դրա համար: Ուզում եմ պատկերացնել՝ այդպիսի ղեկավարը ինչպե՞ս է շարունակելու պետության խնդիրները կարգավորել դրսում, թշնամի ղեկավարի հետ ինչպե՞ս է բանակցելու: Եթե անգամ ամեն ինչ մաքուր, ի սրտե է արվել, բայց չի ստացվել, պետք է հեռանա: Մենք տեսնում ենք, որ քաոսային մթնոլորտը գնալով մեծանում է, խնդիրները ժամ առ ժամ ավելանում և ծանրանում են, և պետք է թողնի, որ տեսնենք՝ ով է կարողանում այդ ամբողջ բեռը տանել: Իհարկե, ես կարծում եմ, որ հիմա միայն ազգային համաձայնությամբ պետք է ամեն ինչ արվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս