«Հայաստանում միայն նորածիններն են նոր, մնացածը հին են, ներկայիս իշխանությունը պետք է հեռանա». Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը վստահ է՝ մեր դիմաց կանգնած է նույն թուրքը, և առիթի դեպքում անպայման հայերին վնասելու է: Այսօր «Մեդիա Կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նաև շեշտեց, որ Ադրբեջանը չի թաքցնում իր երազանքին հասնելու մտադրությունները:
«1994 թվականից հետո՞ են կասկածներ եղել, որ Ադրբեջանն ինչ-որ առիթներ է օգտագործելու: Այո, դա լինելու է շարունակական, մինչև կհասնեն իրենց երազանքներին: Մարդիկ բացահայտ ասում են, որ ուզում են Սյունիքը, Սևանը, Երևանը: Օրերս Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները հանդիպել, իրենց երազանքի տարածաշրջանային քարտեզն էին ցույց տալիս, որտեղ Հայաստանը չկար: Ասում են՝ 3 հոգով են բանակցել. Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը: Այդ ժամանակ պետք է մտածեին բանակցողները: Տիրապետո՞ւմ էին իրավիճակին, թե՞ պարզապես սիրուն բառեր են՝ եկեք, ով որտեղ կանգնել է, կանգնենք: Լավ, 1994 թվականից մինչ օրս դաս չստացա՞նք, որ կանգ չի առնելու: Մարդիկ բացահայտ՝ էլ ուղիղ, էլ ծուռ, ասում են, որ ուզում են մեզ վերացնել, իսկ մենք այդպես էլ չենք կարողանում ընկալել, որ մեր թշնամին թուրքն է, և ընկած իրար մեջ ենք մեղավորներ փնտրում»,- ասաց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ հայտարարությունը ստորագրելուց հետո՝ նոյեմբերի 10-ին, չենք լսել, որ ստեղծվում է գերատեսչական հանձնաժողով, որը պատասխանատու է լինելու կարգավորել այս բոլոր խնդիրները:
«Դրա համար անհետ կորածների ծնողները ստիպված իրենք են գնում, բանակցում թուրքերի հետ՝ առանց պետական ինստիտուտի, գյուղապետը սահմանների հետ կապված ևս թուրքերի հետ է բանակցում, ո՞ւր է այստեղ պետություն: Պետական ինստիտուտների ճգնաժամը չգիտեմ որտեղ է հասել: Մեղավորության խնդիրն այդտեղ փնտրեք»,- նշեց նա:
Հարցին՝ նախկին ուժերի ռեինկարնացիան կարո՞ղ է լուծում լինել, բանախոսը պատասխանեց.
«Հայաստանում միայն նորածիններն են նոր, մնացածը հին են: Ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, ինչ վերաբերում է հարցին, ապա նախկին ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: 2.5 տարի իշխանության մեջ գտնվող ուժը նախկիններից է: Մնացածը պարզապես ՀՀ-ում գործող ուժեր են: Գործողը գնում է, այլընտրանքը գալիս է: 2.5 տարի չենք հետևել, մտածել ենք՝ լավ է լինելու, ու եկել-հասել ենք պառակտվածության այն աստիճանի, որը նաև եղել է այն գրավականներից մեկը, որ Ադրբեջանն ու Թուրքիան նախաձեռնել են հարձակումը: Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը, այլևս չխոսենք նախկինների և ներկաների մասով: Պետք է խոսենք գործողի և այլընտրանքի մասին: Հայաստանը դիմադրողականություն կունենա, եթե փոխվի, եթե նախկին սխալները չկրկնենք: Այլընտրանքի համար դուռը պետք է բացվի: Նախկինների սխալները պետք է նայեք 1991 թվականից, իսկ այս 2.5 տարվա մեջ էլ եղել է այն, որ ընտրովի են նայել՝ արդարադատությունը՝ ընտրովի, քաղաքական գնահատականները՝ ընտրովի, ժամանակահատվածները՝ նույնպես: Եթե ազգայինը պահպանեինք, միգուցե այստեղ չէինք հասնի»:
Թևան Պողոսյանը ցավով ընդգծեց՝ ամենամեծ արտագաղթն ունեցել ենք 1991-97թթ.:
«800.000 հայ մեկնել է հաղթանակի ժամանակ: Մեզ հիմա այլընտրանք է պետք՝ այս մոխիրներից հառնելու և դիմադրողականության պոտենցիալ ձևավորելու համար: Մեկ ամիս առաջ որ հեռացած լինեին՝ վստահեցնում եմ, որ Խծաբերդը և Հին Թաղերը, Շուշիի մասերը և միգուցե Սյունիքի սահմաններում այս վիճակը չունենայինք, որովհետև նոր իշխանության գալու առաջին բանն այն էր լինելու, որ գնար, բանակցեր, հասկանար՝ այս ինչ ենք անում: Մեր մյուս գերիներին ինչո՞վ ենք փոխարինելու: Հիմա ինչպե՞ս է ստացվում. մինչև տղաների՝ Երևան գալը ռուսական քարտեզի վրա Խծաբերդը և Հին Թաղերը կային, բայց երբ գերիները հասան Երևան՝ այլևս չկային: Կարո՞ղ է դա էլ դրա գինն էր, կարո՞ղ է հողերն այդպես ենք փոխանակել: Ես չգիտեմ, բայց իրավունք ունեմ կասկածել, չէ՞: Բա որ ռուսները գնացել, կանգնել էին, մեզ ինչո՞ւ են հանել այնտեղից: Անվստահելի իշխանությունն ամենավատ բանն է, և միայն հենց դրա պատճառով պետք է հեռանան»,- նկատեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:
Թևան Պողոսյանի կարծիքով՝ այս ճգնաժամը հաղթահարելու համար ժամանակ է պետք, որից հետո կլինի ընտրություն:
«Անվտանգության, ռազմական, տնտեսական, ֆինանսական, առողջապահական, կրթական, բարոյահոգեբանական ճգնաժամեր են: Մեր անվտանգության համար մեկ գրավականը ազգային միասնությունն է: Քանի անգամ եմ ասել՝ եկեք քաղաքական բանակցային սեղան ձևավորենք, իրար հետ կարմիր գծերը որոշենք: Մի նավի մեջ ենք, որ տարավ ներքև, բոլորին է տանելու:
Պատերազմը չի ավարտվել, պետք է պատրաստվենք ու մեր շահերը պաշտպանենք»,- եզրափակեց Թևան Պողոսյանը: