«Դա կամ քաղաքական տհասություն է, կամ կրիտինիզմ․ Ալիևն ասում է՝ ես կգամ, կգրավեմ Երևանը, մենք ասում ենք՝ իսկ մենք ուզում ենք ձեզ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»

«Անորոշությունն այն նպատակով է արված, որ կապիտուլյացված կողմի վրա ավելի մեծ ճնշում գործադրեն և հնարավորինս ավելի շատ տարածքներ «պոկեն» և հարցը հասցնեն այն կետին, որը կարծես թե դրված է թուրք-ադրբեջանական խունտայի առջև»,- «Հայաստանի սահմանները. ո՞վ գիտի՝ որտե՞ղ են սկսվում և որտե՞ղ ավարտվում» թեմայով «Մեդիա կենտրոնի» կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Խոսելով ՀՀ կառավարության կողմից չդիմադրելու մասին՝ բանախոսն ասաց, որ դա խոսում է այն մասին, որ մեր կառավարման և պետական համակարգը կազմալուծված է, ինչը շատ տխուր հետևանքներ կարող է ունենալ:

«Նոյեմբերի 9 ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև ստորագրված հայտարարությունը ես համարում եմ թղթի կտոր, որովհետև, եթե խոսենք միջազգային իրավունքի տեսանկյունից, ապա սա անհասկանալի փաստարկ է և պետք է վերանայվի, վերախմբագրվի և վերաբանակցվի:

Նման արդյունքի դեպքում այն ղեկավարությունը, որը կապիտուլյացիա է ստորագրել, հեռանում էր: Այն, ինչ հիմա կատարվում է, սա, կարծում եմ, փոքր մասն է, հետո ունենալու ենք մեծ անակնկալներ: Մեր պետականությունը վտանգի տակ է, այն կարող է ամեն վայրկյան փլուզվել: Մեր տարածքային ամբողջականությունն է արդեն դրվում հարցականի տակ: Մեր իշխանություններն այսօր չեն գործում: Տեսեք, ինչ է կատարվում, գյուղացին զենքը վերցնում է՝ գնում իր տունը պաշտպանելու: Նման բան որտե՞ղ եք տեսել: Միջնադարում անգամ նման բաներ չկային: Այս ամբողջ 30 տարվա անկախության ժամանակաշրջանում սրա՞ն ենք մենք արժանի: Ադրբեջանում շքերթի ժամանակ Էրդողանի՝ Էնվեր փաշայի ոգեկոչումը մենք հանգիստ ընկալում ենք՝ մոռանալով, որ Էնվեր փաշան համար մեկ մեղավորն է Հայոց ցեղասպանության, և այն, ինչ ասում է՝ պատահական խոսքեր չեն: Կարծում եմ, որ այստեղ պետք է տագնապ հնչեցնեինք, ոչ թե վարչապետի օգնականի կամ քարտուղարուհու մակարդակով անատամ հայտարարություններ անեինք: Սրանք շատ լուրջ խնդիրներն են»,- նշեց Արման Նավասարդյանը:

Եվ այն, ինչ հիմա Թուրքիայի դրդումով անում է Ադրբեջանը, դա, Ա․ Նավասարդյանի խոսքով՝ շարունակվելու է նաև սահմանների երկայնքով:

«Եվ այս իրադրության մեջ, երբ մարդիկ են լինում նախարարի կամ պատգամավորի մակարդակով և հանդես են գալիս Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության, երջանիկ պայմաններ ստեղծելու կոչերով, ես պարզապես ապշում եմ: Դա կամ քաղաքական տհասություն է, կամ կրիտինիզմ: Նա ասում է՝ ես կգամ, կգրավեմ Երևանը, մենք ասում ենք՝ իսկ մենք ուզում ենք ձեզ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Սա ի՞նչ քաղաքականություն է, մի հատ թող բացատրեն ինձ: Մենք այս ընթացքում կորցրեցինք այնպիսի լավ բարեկամի, ինչպիսին Իրանն էր: Նաև այդ երկրի մեղավորությունը կա, հիմա ադրբեջանաթուրքական ուժերի, ջիհադիստների կողմից է հսկվում նրա սահմանը: Տեսաք, թե Չինաստանն ինչ դիրքորոշում գրավեց: Փչացրել ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ և կորցրածը վերականգնելու համար շատ լուրջ պետք է աշխատենք, հետևություններ անենք: Պետք է պրոֆեսիոնալների թիմ այստեղ աշխատի»,- եզրափակեց Արման Նավասարդյանը:

Տեսանյութեր

Լրահոս