«Սադրիչ գործողություն է»․ Կարեն Հովհաննիսյանը՝ վարչապետի խոսնակի և արցախցի պատգամավորի գրառումների մասին

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանի այս գործողությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»։ Ավելի ուշ վարչապետի խոսնակը մեկ այլ գրառում ևս կատարեց․ «Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»։

Ռուս հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ հարձակմանը Արցախի մի քանի գյուղերի ուղղությամբ, արձագանքեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի գրառումներին․ «Տիկին Գևորգյան, ճիշտ ե՞մ արդյոք ես հասկանում, որ ռուսերեն թարգմանաբար Դուք ասում եք, որ ՀՀ վարչապետի, նախագահի գործը չէ մեկնաբանել այն, թե ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»։ Այնուհետև Սոլովյովն ընթերցել է Փաշինյանի խոսնակի երկրորդ գրառումը այս թեմայով և մեկնաբանել․ «Այսինքն՝ ես ճի՞շտ եմ հասկանում, որ ոչ պարոն Փաշինյանը, ոչ ՀՀ նախագահը, նրանք կարծում են, որ իրավասու չեն մեկնաբանել տեղի ունեցողը, ինչպես երևի թե Դուք եք կարծում, Ադրբեջանի տարածքում։ Այսինքն՝ Ձեզ համար ներկայումս Ղարաբաղ չկա։ Այսինքն՝ Դուք, վերջ, այն համարում եք Ադրբեջանի տարածք, ուստի իրավասու չե՞ք մեկնաբանել, հենց այդ պատճառով մամուլի խոսնա՞կն է Ձեր փոխարեն դա անում։ Հմմ․․ հասկանալի է»։

Բայց ամեն ինչ այսքանով չավարտվեց։ Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմեց արցախցիներին․ «Սիրելի’ արցախցիներ,

Հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։ Հավաքվում ենք ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Եկեք երեխաների ու կանանց հետ»։

168am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը վերոնշյալ որակեց սադրանք։

«Արցախի այն մասնիկը, որը չի ենթարկվել թուրքական ագրեսիայի, դա պահպանվել է բացառապես ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ։ Օրինակները բազմաթիվ են, մեկը չէ, երկուսը չէ։ Նույն Հայկ Խանումյանը այսօր ռուս խաղաղապահների շնորհիվ, նրանց երաշխավորությամբ է Արցախում գտնվում, և ամբողջ խաղաղ բնակչությունը, որ գտնվում է Արցախում, շնորհիվ խաղաղապահների են այնտեղ։ Եվ այնպես չէ, որ ռուս խաղաղապահները տվյալ դեպքում պետք է գնան և մարտական հերթապահություն իրականացնեն թշնամու հետ սահմանին։ Եթե նայենք նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը, ապա խաղաղապահների հիմնական կարգավիճակն այն է, որ իրենք ապահովում են բնակչության խաղաղ կեցությունը, և որոշ դեպքերում,  շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու՝ նաև մշակութային օբյեկտների պահպանությունը։

Այնպես չէ, որ, օրինակ, այն վայրում, որտեղ տեղի ունեցան այսօրվա ռազմական գործողությունները, խաղաղապահները պետք է այնտեղ գնային և իրենք մեր փոխարեն կռիվ տային։ Այս դեպքում կարծես սլաքները փորձում են ուղղել Ռուսաստանի դեմ և ռուսական գործոնի դեմ, քանի որ Թուրքիան խիստ անհանգստացած է Ռուսաստանի ներկայությամբ Արցախում, որովհետև այդպես էլ չկարողացավ վերջնական լուծել Արցախի հարցը։ Այս ֆոնի վրա Արցախում նմանատիպ ակցիաներ հրահրելը, մարդկանց տրամադրությունների վրա ազդելը, դա բառացիորեն այդ մի կտոր հողի կործանման է տանելու։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ այդ հայտարարությունն արդյո՞ք արվել է սթափ վիճակում, թե՞ ինչ են մտածել, անհասկանալի է, ի՞նչ մեթոդաբանությամբ են առաջնորդվում նման հայատարարություններ կատարողները»,-ասաց նա՝ անդրադառնալով Հայկ Խանումյանի գրառմանը։

Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի գրառումներին՝ ռազմական փորձագետն ընդգծեց․ «Ես զարմանում եմ՝ արդյո՞ք մենք պետականություն ենք, և ընդհանրապես, ունե՞նք պետական  ինստիտուտներ, թե՞ ոչ։ Պատասխանատվությունը գցել ռուս խաղաղապահների վրա՝ նման պետական մակարդակով, դա նշանակում է սադրիչ գործողություն, սադրանք, ի՞նչ է նշանակում՝ խաղաղապահներ այնտեղ, որտեղից բնակչությունը տարհանված է և դեռ չի վերադարձել։ Խաղաղապահների գործողությունն այն է, որ խաղաղ բնակչության համար ապահովի խաղաղ կյանք՝ գոնե այս փուլում, և պետական մակարդակով սլաքներն ուղղել դեպի ռուս խաղաղապահները, համարում եմ սադրիչ գործողություն»։

Տեսանյութեր

Լրահոս