«Այսինքն՝ Դուք, վերջ, այն համարում եք Ադրբեջանի տարածք, ուստի իրավասու չե՞ք մեկնաբանել»․ Սոլովյովը՝ Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին

Ռուս հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ հարձակմանը Արցախի մի քանի գյուղերի ուղղությամբ, արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի՝այսօր մեծ աղմուկ բարձրացրած մեկնաբանություններին։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»:

Սրան հաջորդել էր նրա մյուս գրառումն այս թեմայով․ «Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»։

Սոլովյովը նախ նշել է, որ զարմանքից ապշում է, ընթերցելով մի շարք հաղորդագրություններ, որոնք հնչում են Հայաստանից։ Այնուհետև ընթերցելով Մանե Գևորգյանի առաջինը գրառումը ադրբեջանական ԶՈՒ նախաձեռնած հարձակողական գործողությունների վերաբերյալ, նշել է․

«Տիկին Գևորգյան, ճիշտ ե՞մ արդյոք ես հասկանում, որ ռուսերեն թարգմանաբար Դուք ասում եք, որ ՀՀ վարչապետի, նախագահի գործը չէ մեկնաբանել այն, թե ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»։ Այնուհետև Սոլովյովն ընթերցել է Փաշինյանի խոսնակի երկրորդ գրառումը այս թեմայով և մեկնաբանել․ «Այսինքն՝ ես ճի՞շտ եմ հասկանում, որ ոչ պարոն Փաշինյանը, ոչ ՀՀ նախագահը, նրանք կարծում են, որ իրավասու չեն մեկնաբանել տեղի ունեցողը, ինչպես երևի թե Դուք եք կարծում, Ադրբեջանի տարածքում։ Այսինքն՝ Ձեզ համար ներկայումս Ղարաբաղ չկա։ Այսինքն՝ Դուք, վերջ, այն համարում եք Ադրբեջանի տարածք, ուստի իրավասու չե՞ք մեկնաբանել, հենց այդ պատճառով մամուլի խոսնա՞կն է Ձեր փոխարեն դա անում։ Հմմ․․ հասկանալի է»։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս