Եթե հիմնադրամի գումարները չբավականացնեն, էսպես թե էնպես, փողի աղբյուրը լինելու է պետական բյուջեն. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված զինվորների ընտանիքների փոխհատուցման գործընթացն ավելի է արագացրել. եթե մոտ երկու շաբաթ առաջ հիմնադրամը հասցնում էր հատուցում տրամադրել շաբաթական 50 ընտանիքի, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում հատուցումների ծավալը հասել է 100-ի, աշխատանք է տարվում այդ թիվը 200-ի հասցնելու ուղղությամբ։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ներկայացնելով հիմնադրամի այս օրերի գործունեության ծավալները, ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Երեկվա դրությամբ ունեինք 375 զոհված զինծառայողի դեպքով հատուցման որոշում։ Աշխատանքները շատ են՝ հատկապես զինծառայողների ընտանիքների հայտնաբերման ուղղությամբ։ Ընտանքիները դիմում են մարզպետարան կամ համայնքապետարան, որից հետո այդ կառույցներից Պաշտպանության նախարարությանն են փոխանցվում համապատասխան փաստաթղթերը, որտեղից տվյալները հասնում են մեզ, որից հետո էլ եռօրյա ժամկետում կայացվում է հատուցման որոշումը»,- ասաց Ավետիքյանը։

Դիտարկմանը՝ շրջանառվում է զոհերի 5000, վիրավորների 8000 թիվը, որոնք պաշտոնական հիմնավորումներով չեն հերքվել, հետևաբար, արդյո՞ք այդ թվերի դեպքում հիմնադրամն ունենալու է անհրաժեշտ ֆինանսական միջոցները բոլոր դեպքերով հատուցումների համար, Վարուժան Ավետիքյանը պատասխանեց.

«Պետք է հայթայթենք, իմ ունեցած թվերն ավելի քիչ են, իհարկե, տատանումներ կարող են լինել, այդ թվերը կարող են փոխվել, բայց ինչպես էլ փոփոխվեն, միևնույն է, մեր ֆինանսական բացը շատ մեծ է և ամեն ջանք պետք է գործադրենք այդ բացը լրացնելու համար»,- ասաց Ավետիքյանը՝ նշելով, որպես այդ բացը լրացնելու տարբերակ՝ ներկայացրել են 1000-ը 3000 դարձնելու տարբերակը։

Հարցին՝ եթե չկա պաշտոնական թիվ զոհվածների, անհետ կորածների ու հաշմանդամների վերաբերյալ, այդ դեպքում, որքանո՞վ է նպատակահարմար 1000-ը՝ 3000, և ոչ թե՝ 4000 կամ 5000 դարձնելը, Վարուժան Ավետիքյանը պատասխանեց.

«Պետք է հասկանաք, որ հնարավոր է նաև՝ լինեն աշխատատեղերի կրճատումներ, և եթե մենք մինչև պատերազմն ունեինք 670 հազար գրանցված աշխատող, ապա այդ թվի նվազման դեպքում մենք կունենանք լրացուցիչ խնդիրներ, անպես որ, հավելյալ միջոցներ են պետք լինելու»,- ասաց Ավետիքյանը։

Ինչ վերաբերում է անհետ կորած զինվորների ընտանիքների խնդրին՝ Վարուժան Ավետիքյանը նկատեց, որ քանի որ անհետ կորած ճանաչելու գործընթացը տևական ժամանակ է պահանջում, Կառավարությունն ընդունել է որոշում՝ այդ ընտանիքներին՝ 6 ամիս ժամկետով ամսական 300 հազարական դրամ աջակցություն տրամադրելու մասին, հետագայում, եթե հաստատվի, ընտանիքի անդամն ունենա անհետ կորած լինելու կարգավիճակը, այդ դեպքում տվյալ ընտանիքը կշարունակի աջակցություն ստանալ արդեն հիմնադրամից։

Հարցին՝ Կառավարության ընդունած որոշման մեջ նշված է, որ, եթե քաղաքացին չի ճանաչվում անհետ կորած, ապա նրա ընտանիքին վճարված 300 հազարական դրամները հիմնադրամը պետք է հետ փոխանցի պետական բյուջե, այդ դեպքում հիմնադրամը խնդիրներ չի՞ ունենա, Վարուժան Ավետիքյանը նկատեց.

«Կառավարությունն է նվիրատուն, եթե որոշել է, որ փողը պայմանով է տալիս, հիմնադրամը չի կարող ասել, թե՝ չենք տալիս։ Էսպես թե էնպես հիմնադրամը փողի խնդիր ունի։ Եթե մեր գումարները չբավականացնեն, փողի աղբյուրը պետք է լինի պետական բյուջեն»,- ասաց Ավետիքյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս