Այս պատերազմի ընթացքում կային բոլոր հիմքերը ԼՂ ճանաչման համար․ Նալբանդյան
«2016 թվականին պատրաստ էինք ճանաչել ԼՂ անկախությունը»,- այս մասին այսօր կայացած տեսակամրջի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԼՂ անկախության ճանաչման հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը կայանում էր հետևյալում՝ եթե Ադրբեջանը նախաձեռներ պատերազմ, ապա Հայաստանը ստիպված կլիներ ճանաչել Լեռնային Ղարաբաղը, քանի որ պատերազմի մեկնարկով հնարավոր չէր լինի շարունակել բանակցային գործընթացը։ «Հարց կարող է առաջանալ, թե ինչու 2016 թվականի ապրիլին, երբ սկսվեցին ռազմական գործողություններ, Հայաստանը չճանաչեց ԼՂ-ն։ Պետք է հաշվի առնել, որ ռազմագործողությունները դադարեցվեցին երեքուկես օր անց։ Հայաստանը պատրաստել էր բոլոր փաստաթղթերը ճանաչման, և մենք պատրաստ էինք դրան, բայց ընթանում էին ինտենսիվ բանակցություններ հրադադարի շուրջ, և եթե դրանք տապալվեին, չտային որևէ արդյունք, բնականաբար, Հայաստանը կճանաչեր և ՌԴ միջնորդությամբ՝ ոչ միայն անմիջական, ուղիղ, այլև անհապաղ արձագանք ՌԴ-ի կողմից, հնարավորություն ստեղծվեց դադարեցնել ռազմական գործողությունները, և այն ժամանակ, երբ դադարեցրինք ռազմական գործողությունները, ընթանում էին բանակցություններ և ընդհանրապես բանակցությունների ընթացքում այդ հարցը դրվել է քաղաքական ուժերի, հասարակության կողմից, և այսօր կուզեի նշել, որ համանախագահներն են բազմիցս իրենց դիրքորոշումն արտահայտել, որ քանի դեռ բանակցային գործընթաց է տեղի ունենում, ճանաչումը կդնի հարվածի տակ բանակցային գործընթացը։ Բայց այս պատերազմի ընթացքում, երբ պատերազմը շարունակվում էր ոչ թե երեքուկես օր, առավել ևս՝ առաջին, երկրորդ, երրորդ հրադադարների պայմանավորվածություն եղավ և խախտվեց, իմ կարծիքով, կային բոլոր հիմքերը ճանաչելու համար ԼՂ-ն, և դա կարող էր օգտակար լինել»,- ասաց Նալբանդյանը։