«Քայլ արա, մերժի՛ր գժին» վանկարկում է քաղաքը, Նիկոլը «մաքրում է» հետքերը
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն սարսափած է հանրապետությունով մեկ տեղի ունեցող անհնազանդության բողոքի ակցիաներից, որն ամեն օր ընդլայնվում է։ Մայրաքաղաքի կենտրոնում շարունակում են ընդվզումները, շենքերի բնակարաններից մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում ցուցարարներին, գոչելով՝ «Նիկոլ, դավաճան», «Քայլ արա, մերժի՛ր գժին»․․․
Ողջ օրվա ընթացքում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ակցիաների մասնակից քաղաքացիների նկատմամբ, տասնյակ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ բերման են ենթարկվում ոստիկանական բաժանմունքներ։
Անհնազանդության ակցիաների մասնակիցներն «Արժանապատվության երթ» են անցկացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Քաղաքի երթևեկությունը, որքան ժամանակ է, կաթվածահար վիճակում է։
Իշխանությունը, բնականաբար, տիրապետելով Ազգային անվտանգության ծառայության տվյալներին՝ այն մասին, որ ամեն օր բողոքի, անհնազանդության ակցիաները նոր թափ են հավաքում, պետական կառավարման համակարգից, այդ թվում՝ ոստիկանական համակարգից ամեն օր աշխատակիցներ են հրաժարականներ ներկայացնում, Նիկոլին և նրա կառավարությանը մերժողների քանակությունն օր օրի ընդլայնվում է, ընդ որում՝ որակյալ զանգված է միանում ընդդիմության ակցիաներին, փորձում են ուժային կոշտ մեթոդներով կանխել արագ իշխանափոխությունը։
Ի դեպ, ուժային համակարգերում արդեն գիտակցում են՝ իշխանափոխությունն օրերի հարց է, և Փաշինյանի կառավարությունն ընդամենը ժամանակ է ձգում, որպեսզի հասցնի մաքրել կոռուպցիոն հետքերը, փաստաթղթերը, նաև՝ աշխատանքից ազատելով այն պաշտոնյաներին (նախարարների տեղակալներ, ֆինանսական և այլ վարչությունների պետեր, ևն), ովքեր տիրապետում են ինֆորմացիաների և հետագայում կարող են բացահայտող օղակ հանդիսանալ։ ԱԱԾ մեր աղբյուրները նշում են, որ պետք է ուշադիր լինել, որպեսզի նման որոշ պաշտոնյաներ, ում «սուսուփուս» ազատում են աշխատանքից՝ չլքեն հանրապետությունը։
Ամեն օր կառավարության շենքը շարքերով հսկող ոստիկանների քանակն ավելանում է։ Այս պահին էլ, երբ հանրապետությունում և մայրաքաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում, Հանրապետության հրապարակը լցվում է ոստիկաններով։ Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում միայն իր մանկության ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ է կապի մեջ լինում, նրա միակ հույսը՝ ոստիկանության օգնությամբ իշխանափոխության ժամկետները հնարավորինս ձգելն է, մինչև կկարողանա մաքրել կոռուպցիոն հետքերը և իր և իր ընտանիքի համար անձնական անվտանգության երաշխիքներ ձեռք բերել Ռուսաստանից կամ արևմտյան որևէ երկրից։