«Փաշինյանը գիտի՝ հաջորդ վարչապետը, ամենայն հավանականությամբ, կա՛մ իրեն կկալանավորի, կա՛մ ինքը կփախչի  Հայաստանից». քաղտեխնոլոգ

«Եթե ընդդիմությանը հաջողվի իր միջոցառումներին մարդկանց թիվն էապես ավելացնել, և կարողանա ճիշտ թիրախային, մասնավորապես`  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վրա կոնկրետ բարոյաքաղաքական ճնշում ավելացնել, ապա կարող են ինչ-որ գործընթացներ տեղի ունենալ. արդյունավետությունը և իշխանափոխության հնարավորությունը կմեծանա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնությամբ տեղի ունեցող անհնազանդության միջոցառումներին:

Հարցին՝ արդյո՞ք վարչապետը, որդեգրած իրավիճակային լուծումների նոր քաղաքականությամբ՝ ինչ-ինչ պաշտոնյաների փոփոխություններով, կկարողանա փրկել առկա վիճակը, քաղտեխնոլոգը պատասխանեց.

«Բացառված է, որովհետև խնդիրն այն չէ, որ Էկոնոմիկայի նախարարին փոխարինեց մեկ ուրիշով՝ հիմա լավ կլինի,  խնդիրն այն է, որ իշխող քաղաքական թիմի ղեկավարի՝ վարչապետի մոտ բացակայում է Հայաստանի զարգացման վերաբերյալ տեսլական:

Ինքը տեսլական չունի՝ երկիրն ինչպե՞ս պետք է զարգանա, ինքը չի պատկերացնում.  իրեն թվում է, թե վարչապետը նա է, ով կառավարության նիստ է անում ու ինչ-որ որոշումներ է ստորագրում փակ դռների հետևում, կամ՝ ինչ-որ աշխատասենյակում նստած:

Իր պատկերացումը երկրի կառավարման վերաբերյալ նա լավագույնս ցույց տվեց 2019 թվականին Քաղաքացու օրը, երբ Պրոսպեկտում խորոված էին անում, ինքը խորոված էր ուտում: Դա է  իր պատկերացումը Հայաստանի, պետության ապագայի վերաբերյալ»:

Արմեն Բադալյանի համոզմամբ՝ Հայաստանը տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ է հայտնվել, և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի մնալը Հայաստանի համար նոր վտանգներով է հղի. «Դուք տեսնում եք՝ ոչ մի ներդրում չկա, Հայաստանն ամբողջովին մեկուսացված է միջազգային ակտիվ քաղաքական գործընթացներից, ոչ մի տեղ չի երևում: Այսինքն՝ ինքը պատկերացում չունի՝ ինչպես պետք է Հայաստանը զարգանա, որն է զարգացման մեխանիզմը: Եվ եթե ինքը պատկերացում չունի, իր՝ վարչապետի պաշտոնում մնալը, ուղղակի արդեն Հայաստանը դրանից ֆիզիկական վնաս է կրում, որովհետև Հայաստանի տարածքներն անցնում են Ադրբեջանին, ինքն անգամ դրա դեմ չի կարողանում պայքարել, որպեսզի թույլ չտա հողերի անցում:

Իր մնալն արդեն Հայաստանի առաջընթացին, տնտեսական զարգացմանը խանգարում է, որովհետև այլևս ոչ ոք ներդրումներ չի բերելու այս իշխանության օրոք, այս  իշխանությունն ակտիվ քաղաքական, արտաքին քաղաքական որևիցե գործողություն այլևս չի իրականացնելու, որովհետև համապատասխան գիտելիքներ չունի, թե ինչպես պետք է անել, և ընդամենը մնում է պաշտոնի, որովհետև պաշտոնը լավ բան է»:

«Ոստիկանությամբ պահպանում է իր պաշտոնը, որպեսզի մնա վարչապետ, որովհետև գիտի՝ ինքը հրաժարվեց, հաջորդ վարչապետը, ամենայն հավանականությամբ, կա՛մ իրեն կկալանավորի, կա՛մ ինքը կփախչի  Հայաստանից, և ինքն իր ընտանիքի հետ միասին այլևս երբեք չի կարողանա Հայաստան վերադառնալ:

Ինքը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում էլ ապագա չունի և երբեք անգամ պատգամավոր չի կարողանալու դառնալ, այսինքն՝ հենց վարչապետի պաշտոնը լքեց, ստիպված է լինելու արդեն ցմահ հեռանալ Հայաստանից»,- եզրափակեց քաղտեխնոլոգը:

Տեսանյութեր

Լրահոս