«Այս երկրում, աշխարհում չկա որևէ մեկը, ով կարող է իմ գործողություններում ինձ կաշկանդել». Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն սպառնալու լուրերի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դեկտեմբերի 8-ին մեզ հետ զրույցում ասել էր, որ խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել, սակայն այն դեռևս չի ներկայացրել։
«Այս պահին էլ դեռ չեմ պատրաստվում դիմումը ներկայացնել, որովհետև կան քայլեր, ու ինձ պետք է ներսում լինել, հասկանալ, գործել։ Գոնե իմ դուրս գալով՝ որևէ բան չի փոխվելու, բացի հասարակության այն սպասումներից, որ բոլորը սպասում են, որ առաջինը ես դուրս գամ։ Ես ինքս երբեք չեմ եղել այն պատգամավորը, որը երբեք չի վախեցել իր կարծիքն ու մոտեցումն ասել՝ թեկուզ խմբակցության ներսում։ Կարծում եմ՝ այն մարդիկ պետք է այդ հարցի շուրջ մտածեն, ովքեր տարակուսել են և հաճախ շատ անարդար են մոտեցել հարցերին զուտ նրա պատճառով, որ կա խմբային մոտեցում, և ոչ թե՝ արժեհամակարգային մոտեցում»,- մեզ հետ զրույցում ասել էր Սոֆյա Հովսեփյանը։
Այդ հարցազրույցի հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ խմբակցությունից Սոֆյա Հովսեփյանի դուրս չգալն ունի պատճառ։ Ըստ այդ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանին սպառնացել է, որ, եթե իր համար ստեղծված այս դժվարին պայմաններում թողնի խմբակցությունը, ապա «գործ կսարքի» նրա հորաքրոջ վրա, որը Անիի տարածաշրջանում դատավոր է, և այնպես կանի, որ վերջինս քրեական գործով հայտնվի բանտում։
168.am-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով այս լուրերին՝ ասաց, որ իրեն որևէ մեկը նման բան չի ասել։
«Իմ դիմումի մասին ես խոսել եմ լրատվամիջոցներով, բաց եմ խոսել, որ դիմումս ուղարկել եմ, սակայն չեմ ուղարկել խմբակցությանը, որովհետև այս պահին ես դեռ պետք է մնամ, քանի որ անելիքներ ունեմ, և եթե հետագայում դիմումս ներկայացնելով, ապա վախենալու ոչինչ չունեմ, որպեսզի դուրս գամ խմբակցությունից։ Այս երկրում, աշխարհում չկա որևէ մեկը, ով կարող է իմ գործողություններում ինձ կաշկանդել՝ ստիպի դուրս գամ խմբակցությունից, կամ հետ պահի այդ քայլից, կամ հորդորի, կամ հրահրի, ինձ համար այդ ամենն այնքան արժեք չունեցող բաներ են, որովհետև ինքս միշտ առաջնորդվել եմ երկրի շահերով և այդպես էլ շարունակելու եմ։ Եթե հիմա երկրին պետք է, որպեսզի ես լինեմ խմբակցության ներսում, ուրեմն՝ ներսում կլինեմ, երբ այլևս պետք չլինի, կարող եմ խմբակցությունից էլ դուրս գամ, մանդատս էլ վայր դնեմ և գնամ տանը հանգիստ նստեմ»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է դատավոր հորաքրոջ հետ կապված լուրերին, Սոֆյա Հովսեեփյանն ասաց, որ, եթե այդ հորաքույրը դատապարտելի որևէ բան արած լիներ, քրեական գործերի մեջ լիներ, ապա առաջինն անձամբ կգնար այդ ճանապարհով և քրեական գործ կհարուցեր։
«Նաև ուզում եմ հասկանալ, թե ո՞ր հորաքուրս է, որովհետև նման հորաքույր չունեմ, որը Անիի տարածաշրջանում դատավոր է աշխատում։ Ես ունեցել եմ հորաքույր, որը աշխատել է Վճռաբեկ դատարանում, նա այժմ 73 տարեկան է և շատ վաղուց լքել է իր պաշտոնը, քանի որ անցել է թոշակի։ Չորս հորաքույր ունեմ, նրանցից որևէ մեկը Անիի տարածաշրջանում դատավորի պաշտոն երբևէ չի զբաղեցրել, նրանցից մեկը մահացել է, իսկ եթե ունեմ հինգերորդ հորաքույր, ապա ներեցեք՝ պապիկիս այդ մասին այլևս հարցնել չեմ կարող, նման ազգական նույնպես չունեմ»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը և տեղեկացրեց, որ այդ խոսակցությունների հետ կապված արդեն զբաղվում են իրավապահ մարմինները։