Առաջնահերթ հարցերը մնում են համապարփակ բանակցություններին, որոնք կսկսվեն, երբ իրավիճակը հակամարտության գոտում կկայունանա․ Արա Այվազյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե ժամանակավոր, այլ անկյունաքարային հայտարարություն է հրադադարի, արյունահեղության դադարեցման, և կան դրանում որոշակի պարամետրեր փախստականների վերադարձի և այլ հարցերի հետ կապված»,- այս մասին այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե ծրագրվո՞ւմ են արդյոք հանդիպումներ նախարարական և ավելի բարձր մակարդակով՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման նպատակով։

Նա նաև նշեց, որ, բնականաբար, առաջնահերթ հարցերը մնում են համապարփակ բանակցություններին, որոնք կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ իրավիճակը հակամարտության գոտում կկայունանա, և նախարարն ասաց, որ կիսում է Սերգեյ Վիկտորովիչի կարծիքը, որ այս հարցում կա զգուշավոր լավատեսություն։

«Եվ ես կարծում եմ, որ բոլոր կողմերից պետք է հնարավորինն անենք, որպեսզի չլինի այն ողբերգության կրկնություն, որը տեղի ունեցավ վերջին երկու ամիսների ընթացքում»,- ասաց Արա Այվազյանը։

Նա նաև կարևորեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տարածված միացալ հայտարարությունը, որը, նրա խոսքով, փաստում է, որ այդ ձևաչափն ունի միջազգային աջակցություն։ Արա Այվազյանը նաև տեղեկացրեց, որ մոտակա ժամանակահատվածում ակնկալվում է համանախագահների այց տարածաշրջան, որի ընթացքում կլինեն խորհրդակցություններ և կարող է հող նախապատրաստվի հետագա բանակցային գործընթացի համար։

Լավրովն իր հերթին՝ ասաց, որ երկարաժամկետ կայուն կարգավորման մաս է կազմում այդ տարածաշրջանում բնականոն կյանքի հաստատումը, կյանք, որը համապատասխան կլինի բոլոր ազգային և էթնիկ խմբերին, և դա ենթադրում է նաև հայերի և ադրբեջանցիների, ինչպես նաև այլ ժողովուրդների միջև համակեցություն, բարիդրացիություն։

«Մենք դրա օգտին ենք ակտիվ հանդես գալիս և աջակելու ենք ցանկացած քայլի, որոնք կողմերն այդ ուղղությամբ կիրականացնեն, ողջունելու ենք նման քայլերը։ Դուք հիշատակեցիք Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումների մասին, այդ թվում` բարձր մակարդակով, որոշումը, իհարկե, մեր հայ և ադրբեջանցի գործընկերներինն է»,- ասաց Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս