Բաժիններ՝

Պատերազմի ժամանակ 30-ամյա պայմանագրային զինծառայողը կոնքահատվածի երկկողմանի վիրավորում է ստացել, ուղիղ աղին չի գործում

Սյունիքի մարզում` Խնձորեսկում,  հոկտեմբերի 22-ին վիրավորում ստացած 30-ամյա պայմանագրային զինծառայող Վահագ Հովհաննիսյանը մոտ երկու ամիս հետո, հնարավոր է՝ հաստ աղիի փոխպատվաստման կարիք ունենա:

«Ամուսինս պայմանագրային զինծառայող է, սկզբում Ջաբրայիլում է եղել, հետո եկավ տուն՝ երեխային տեսնելու, մի փոքր ուշքի գալու ու վերադառնալու համար: Հոկտեմբերի  19-ին եկել, 21-ին գնացել է, իսկ 22-ին տեղափոխել են հիվանդանոց: Կոնքահատվածի երկկողմանի վիրավորում է ստացել De 20 հրանոթի արկից, աջ կողմից մտել է, ձախից դուրս եկել. ձախ կողմի վերքն ավելի մեծ է: Բեկորային վնասվածք ստացել է Խնձորեսկում: Վնասվել են կույր աղին, հաստ աղին, ուղիղ աղին, բայց հիմնականն ուղիղ աղիի հարցն է, գուցե փոխպատվաստման խնդիր առաջանա: Իր գիտակցությունը տեղն է, ոտքն է շատ ցավում, ձախակողմյան բոլոր նյարդերը վնասված են, իր ուղիղ աղին չի գործում, բայց նյութեր կան, որ լցվում են վերքի մեջ ու  դժվարացնում են վերքի փակվելը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց կինը՝ Սաթենիկ Մհերյանը:

«Եթե վիրահատությունն անգամ Հայաստանում լինի՝ ռիսկային գործոնը շատ մեծ է: Հիմա  մենք մոտ 2 ամիս ունենք ժամանակ, որպեսզի վերքերը փակվեն: Գուցե տեղափոխենք Գերմանիա կամ Ֆրանսիա:

Դրա համար ամեն ինչ պետք է քննարկվի, ռենտգենի վերջնական պատասխանը տրվի, նոր մենք կարողանանք ինչ-որ բան ասել: Փոխպատվաստման խնդիր հնարավոր է ունենանք, իսկ պահանջվող գումարը սկսվում է 25.000 եվրոյից: Այս պահին Ֆանարջյանի ուռուցքաբանական հիվանդանոցի էնդորովայնային բաժանմունքում է պառկած: Աստված չանի, ինչ-որ մեկն ընկնի այն օրը, ինչ Վահագս: Ով կցանկանա, ով հնարավորություն ունի մեզ օգնելու՝ որպես վիավոր զինվորի, որը բարդ վիրահատական շրջանում է, շնորհակալ կլինենք: Ներկայումս ամեն ինչ անվճար է հիվանդանոցում, դեղի ու բուժման համար հիմա գումար չեմ տալիս, հետո,  եթե դուրս գրվի, չգիտեմ՝ ինչ դեղեր անհրաժեշտ կլինեն: Եթե լինի արդեն փոխպատվաստման 100 տոկոսանոց հարցը, մենք այդ ժամանակ արդեն ավելի լուրջ կզբաղվենք, նաև կառավարությանը կդիմեմ: Հայաստանում չի արվում նման վիրահատություն, և, քանի որ բժշկության մեջ ամեն ինչ պետք է լինի հստակ փաստերով, սպասում ենք վերջնական էպիկրիզի պատասխանին՝ փոխպատվաստման հաստատման ու հստակ գումարի չափի համար: Կլինիկաները չեն նշում գումարի չափ, քանի որ բացակայում է վերջնական էպիկրիզի թուղթը: Չենք չարացել ու հիասթափվել, քանի որ ամուսինս ու իր նման հազարավոր հերոսներ պայքարել են մեր սուրբ հայրենիքի համար: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրից, ով պատրաստակամ կլինի օգնել մեզ: Աղջիկս 7տարեկան է, ամեն օր սպասում է թե երբ պետք է տուն գնանք»,- նշեց Սաթենիկը:

Զինծառայողին օգնել կարող եք՝ կապ հաստատելով հետևյալ հեռախոսահամարով` 077904074: Փոխանցում կարող եք կատարել նշված հաշվեհամարով` ՎՏԲ Արմենիա 16040097471500, Սաթենիկ Մհերյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս