Բաքվում կայանալիք զորահանդեսին կցուցադրվի հայկական կողմի կորսված տեխնիկան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է` դեկտեմբերի 10-ին Բաքվում կանցկացվի զորահանդես` «Հաղթանակ հայրենական պատերազմում» կարգախոսի ներքո:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ներկա է լինելու Բաքվի ռազմական շքերթին:
Զորահանդեսին կմասնակցի ավելի քան 3000 զինծառայող, կցուցադրվի մինչև 150 միավոր տեխնիկա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են նաև, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք զորահանդեսին կցուցադրվի նաև վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմի կորսված զինտեխնիկան:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ադրբեջանը ցանկանում է հայ ռազմագերիներին շքերթով քայլեցնել»:
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Կարմիր Խաչի ղեկավարին, նաև ԵԽ ղեկավարին՝ տեղեկացնելով, որ սա Ժնևյան կոնվենցիաների խախտում է:
Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հերքել էր, թե վերջին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Բաքվում կայանալիք ռազմական շքերթին «ցուցադրվելու են հայ գերիները»։
Հավելենք, որ զորահանդեսի օրը Ադրբեջանը պատահական չի ընտրել. 1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է անկախության հանրաքվեն: