Արցախում 90 հազար հեկտար ցորենի, հաճարի, ձմերուկի դաշտեր են անցել Ադրբեջանին. ունենալու ենք ցորենի դեֆիցիտ. գործարար

Նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտի հետևանքով հայկական կողմն Ադրբեջանին  է հանձնել Արցախի ավելի քան 190 համայնք, 9500 քառակուսի կիլոմետր տարածք։

Հանձնված տարածքներում հայկական կողմը թողել է ցորենի արտեր, խաղողի և նռենու այգիներ, արտադրական նշանակության օբյեկտներ ու հէկ-եր։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում գործարար Հարություն Մնացականյանը, անդրադառնալով այս ամենի տնտեսական հետևանքներին ու հետպատերազմական իրավիճակում գտնվող հայկական զույգ պետությունների առաջնահերթություններին, նշեց, որ հանձնվող տարածքներում մենք թողել ենք հիմնականում հացահատիկային կուլտուրաների դաշտեր։

«Արցախում հացահատիկի արտադրությունը հասնում էր տարեկան 150 հազար տոննայի, և այս գրեթե ամբողջ քանակը  ներմուծվում էր Հայաստան և բավարարում մեր ներքին սպառումը։ Հողերը հանձնելուց հետո մենք  ունենալու ենք հացահատիկի դեֆիցիտ»,- ասաց Մնացականյանը՝ նշելով, որ այդ խնդիրը կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է լուծել՝ Ռուսաստանից այդ պակասող 150 հազար տոննան  ներկրելով, իսկ երկարաժամկետ կտրվածքով պետությունը պետք է իրականացնի անհետաձգելի և խիստ հրատապ միջոցառումներ՝ պարենային ավտանգության խնդրի առաջ չկանգնելու համար։

Ըստ Մնացականյանի՝ Արցախում հացահատիկային բույսերի արտադրության համար ամենահարմար տարածքները հանձնված են թշնամուն, դրանք Ջրականի, Կուբաթլուի, Քաշաթաղի շրջաններն էին, և քանի որ դրանք հանձնված են թշնամուն, պետք է հրատապ այդ կուլտուրաների մշակման համար օգտագործել Հայաստանում չօգտագործվող 250 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը։

«Իմ հաշվարկներով՝ Արցախում 90 հազար հեկտարից ավելի ցորենի, գարու, հաճարի, ձմերուկի դաշտեր են անցել Ադրբեջանին, ու չգիտեմ, թե ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չեն հայտարարում թիվը, ինչը հաշվելը շատ հեշտ է։ Ի դեպ՝ հանձնված տարածքներում աճեցվում էր մոտ 2-3 հազար տոննա հաճար, ինչի պակասը եկող տարի շատ սուր է զգացվելու, իսկ Ռուսաստանում հաճար գրեթե չի աճեցվում, իսկ Հայաստանում դրա սպառումը հասնում է տարեկան մինչև 5000 տոննայի»,- ասաց Մնացականյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանից հացահատիկի ներմուծման հետ կապված խնդրին՝ Մնացականյանը նկատեց, որ հունիս ամսից հացահատիկը թանկացել է՝ 110 դրամից հասնելով 165 դրամի, ինչը լրացուցիչ բեռ է դառնալու մեր տնտեսության համար, սակայն, քանի որ Հայաստանը ՌԴ-ի հետ հացահատիկի առևտուրն անում է ռուբլով՝ դոլարի փոխարժեքի թռիչքային աճը հավելյալ վնասներ մեզ չի հասցնի։

Ստեղծված իրավիճակում գործարարը հրատապ համարեց Գյուղատնտեսության նախարարության վերաբացումն ու վերապրոֆիլավորումը, որտեղ յուրաքանչյուր գյուղատնտեսական ճյուղի համար կլինեն պատասխանատուներ, և խնդիրների դեպքում մարդիկ կիմանան՝ ումից պատասխան ու լուծում ակնկալել։

«Միայն հացահատիկի հետ կապված չեն մեր խնդիրները, մենք հսկայական խնդիրներ ունենք այգեգործության ոլորտում՝ սկսած տնկիներից՝ մինչև այգետնկության սխալ կազմակերպումը։ Կան գործարարներ, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսել, այգիներ են հիմնել, բայց գործարարներին խաբել ու սխալ տնկիներ են վաճառել»,- ասաց Մնացականյանը՝ շեշտելով, որ այգեգործության հետ կապված՝ կան նաև օրենսդրական  բազմաթիվ խնդիրներ։

Հարություն Մնացականյանից հետաքրքրվեցինք նաև նորանշանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ սմարթ անասնագոմեր ունենալու գաղափարի մասին։

Մնացականյանը նախ նշեց, որ սմարթ անասնագոմը կամ խելացի անասնագոմը շատ թանկ հաճույք է և գյուղացուն ստիպում է գնալ հավելյալ և չտրամաբանված ծախսերի իրականացման։

«Բացի այդ՝ սմարթ անասնագոմ ունենալու համար նախ պետք է ունենալ սմարթ գյուղացի։ Ես չեմ ճանաչում այնպիսի ֆերմերի, որը խելացի անասնագոմում անասուններ է պահում։ Դա չհիմնավորված և թանկ ծախս է, որը հրամցնում են մեր գյուղացուն»,- ասաց Մնացականյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս