«Կառչել են լափամանից, բայց արդարությունը կհաղթի. Երևանյան լճի ափից եկել են, էլի գնալու են այնտեղ». Հրաչ Բերբերյան

«Մենք Արցախում ակտիվ ֆերմերային թիմ ունենք և մեր հաշվարկներով՝ կորցրել ենք լուրջ քանակությամբ այգիներ, հատկապես՝ Արաքսի ափին, 1200-1300 հեկտար նռենու այգիներ ենք կորցրել, կորցրել ենք դեղձի, խնձորի, խաղողի այգիներ: Կորցրել ենք մոտ 50 հազար հեկտար ցորենի ցանքատարածություն, դա մոտ 80 հազար տոննա պարենային ցորենի բերք էր: Կորցրել ենք սոխի լուրջ ցանքատարածություններ, որոնք Հայաստան էին մատակարարում մոտ 2-3 հազար տոննա սոխ, փոքր քանակությամբ կարտոֆիլ ենք կորցրել Աղդամի տարածաշրջանում, բայց համենայնդեպս, Արցախի ներքին շուկային բավարարող քանակ: Լուրջ անասնագլխաքանակ ենք կորցրել: Մեր մոտավոր հաշվարկներով, ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 40 մլն դոլարի վնասի մասին է: Դա միայն այս տարի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ առաջանալու է պարենային անվտանգության խնդիր. «Մենք հիմա ստիպված կլինենք մոտ 100 հազար տոննա ցորեն ներկրել դրսից: Էս վերջերս կառավարության նորանշանակ անդամներից մեկը՝ նորաթուխ մի խեղկատակ, ասում էր՝ ինչ լավ է՝ ճանապարհները բացվեցին, հիմա Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտուր կանենք: Թանկագին տգետ, այն տեսականին, ինչ մենք ունենք արտահանման համար, նույնն ունի Ադրբեջանը: Ի տարբերություն մեզ՝ նրանց ցանքատարածություններն ավելի շատ են, և նրանք ավելի վաղահաս են, մոտ 1.5 ամիս բնակլիմայական պայմանները տարբերություն են տալիս, այսինքն՝ նրանք վաղուց այդ շուկան գրավում են, և մենք արտահանելու խնդիր ունենք: Այսօր էլ Ադրբեջանը շատ կուլտուրաներով Մոսկվայի շուկայում մեզ խոչընդոտում է: Եվ առնվազն համբուրգեր կամ քաբաբ վաճառող պետք է լինել, որ այդպես մտածել: Ո՞նց կարող է էկոնոմիկայի նախարարը չլինել տնտեսագետ»:

Դիտարկմանը՝ մասնագիտությամբ տնտեսագետ է, նա այսպես արձագանքեց. «Քաբաբից հասկանում է»:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալու նաև նրա համար, որ փակել է Գյուղատնտեսության նախարարությունը. «Դա՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ում դա երկրորդ նախարարությունն է: Սա այդ Սորոսի ծրագրերն են, որ բերել են Հայաստանի տնտեսությունը քանդելու համար: Այսինքն՝ մենք պետք է թույլ վիճակում մասնակցեինք պատերազմի: Ո՞նց կարող է ՀՆԱ ունեցող բնագավառը նախարարություն չունենա: Սա մարազմ է»:

Հարցին՝ ասացիք, որ պարենի անվտանգության խնդիրներ են առաջանալու. Ի՞նչ մեխանիզմներ կան դա մեղմելու համար, նա պատասխանեց. «Առաջին՝ եթե սրանք մի փոքր ինքնասիրություն ունեն, պետք է հեռանան: Ով որ կհամակարգի՝ մեր խնդրանքն է լինելու՝ վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը: Երկրորդ՝ անհապաղ այն մասնագետները, որոնք հասկանում են բնագավառից, պետք է կառուցեն այն տանիքը, որի տակ պետք է աշխատի գյուղացին, ֆերմերը: Բնագավառը հասկանալ և համակարգել է պետք, իսկ առաջին հերթին պետք է օրենսդրական դաշտը բարելավվի, որպեսզի պաշտպանենք գյուղացուն, սուբսիդավորենք հատկապես այն ուղղությունները, որ արտահանում ենք, և ապահովենք մեր ներքին շուկան: Այս կառավարությունն ի՞նչ խեղկատակ բաներ է անում. մի կողմից՝ թուրքական ապրանքի ճանապարհը փակում են, մյուս կողմից՝ նախարարն ասում է՝ ինչ լավ է, պետք է առևտուր անենք: Ո՞նց հասկանանք այս պետությանը: Գյուղացու համբերության բաժակն էլ է լցվել. Այնպես չանեք, որ մենք էլ կոչով դիմենք ֆերմերներին՝ ոտքի հանենք: Այս բնագավառը կամ կարգի բերեք, կամ թողեք մենք կարգի կբերենք»:

Հարցին՝ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանի հետ կարծես թե որոշակի համագործակցության եզրեր գտել էին, արդյո՞ք Վահան Քերոբյանի դեպքում դա հնարավոր համարում է, Հրաչ Բերբերյանը պատասխանեց. «Տիգրան Խաչատրյանը շատ պարկեշտ անձնավորություն էր, բանիմաց և լավ դպրոց էր անցել: Նորանշանակ նախարարի հետ էլ եմ համագործակցություն պատկերացնում՝ կզանգենք Menu.am՝ բուտերբրոտ կպատվիրենք: Իմիջիայլոց, ՍԱՊԾ պետը մի քանի օր առաջ շատ տեղին հայտարարություն արեց, որ Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է մտնում Հայաստան, պետք է ուշադրություն դարձնել, որ սպանդանոցներում մորթվեն, եթե այդտեղ չեն մորթվում, գոնե անասնաբույժի վերահսկողությունը կա՞, թե՞ ոչ: Գլխաքանակի մեծ տեղաշարժ է գնում, և շատ անբարեխիղճ ֆասթ-ֆուդի աշխատողներ կարող են օգտվել առիթից, էժան միսը վերցնել և օգտագործել իրենց բիզնեսի մեջ»:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ հանրության այն մասը, որը այսօր պաշտպանում է իշխանություններին, տզրուկի պես կպել է լափամանին և օգտվում է դրանից. «Պատահական բառ չեմ ասում, Նիկոլ Փաշինյանի բառերն են: Հիմա լափամանը վերցրել են, տարել են իրենց մոտ: Այդ 5 տոկոսը, որին աշխատանքի են տեղավորել, իրենք գիտեն, որ արժանի չեն: Երևանյան լճի ափից եկել են, էլի գնալու են այնտեղ: Այնպես որ, արդարությունը կհաղթի: Ուղղակի այն ինստինկտը, որ անարժանը հասել է դրան, հիմա ատամներով կառչել է: Էն մարդը, որ իր արժեքը գիտի, երբեք չի կառչում մի տեղից, ասում է՝ դուք ինձ չեք ուզում՝ կգնամ ուրիշ տեղ: Մենք այստեղ շատ լավ կադրեր ունենք, ուղղակի պետք է մոբիլիզացնել այդ ուժերը, աճեցնել երիտասարդ կադրերի և էստաֆետը տալ նրանց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս