Ինչով է հետաքրքրվել Փաշինյանը. մանրամասներ ՍԴ նախագահի հետ հանդիպումից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանի դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումից: Նախ՝ նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շնորհավորել է Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության եւ անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում:
«Սակայն, մեր տեղեկություններով, հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջնային կարգով քննարկվել է ԱԺ դիմումը՝ ուղարկված Սահմանադրական դատարանին, որով առաջարկում են մանդատից զրկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Այսպես, Փաշինյանը փորձել է ստուգել տրամադրություններն ու հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանում: Նկատենք՝ հենց նույն օրը ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հանդիպել էր նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, եւ, մեր տեղեկություններով, այս հանդիպման առանցքային թեմաներից մեկը կրկին ՍԴ ուղարկված Ծառուկյանի վերաբերյալ դիմումն է եղել:
Հիշեցնենք՝ ԱԺ խորհուրդը դեռ նոյեմբերի 24-ին որոշում էր կայացրել եւ 26-ին ՍԴ էր ուղարկել համապատասխան որոշումը: Բայց դիմումի ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ այն չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին որոշումը Սահմանադրական դատարանը պարտավոր է լինելու կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 26-ը»: