«Օրենքի նախագիծն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը». Վահե Հովհաննիսյան

Այսօր Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց և Ազգային ժողով ուղարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերը: Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ վստահություն հայտնեց, որ նախագիծը միտում չունի բարելավել բարձրագույն կրթության ոլորտը:

«Առաջին իսկ հայացքից էլ պարզ է դառնում, որ օրենքի նախագիծն ավելի շատ միտված է ոչ թե կրթության և գիտության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, այլ որոշակի քաղաքական կոնտենտ ունեցող գործընթացի մաս է: Ներկա վիճակը մեզ բավարար հիմքեր է տալիս նման եզրահանգման համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բուհական համակարգը բավականին երկար ճանապարհ է անցել բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության հասնելու համար, սակայն ինքնավարությունն ու ազատությունը երբեք էլ բավարար մակարդակի վրա չեն եղել, օրենքի այս նախագիծն էլ ավելի է սեղմելու օղակը:

«Բուհերը զրկվում են ինքնուրույն զարգանալու, ինքնակառավարվելու և ակադեմիական ազատություն ունենալու հնարավորությունից»,- ասաց Հովհաննիսյանը:

Չնայած ասվածին, Վահե Հովհաննիսյանը լավատես է:

«Օրենքի նախագիծն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ոչ միայն հակասում է  38-րդ հոդվածին, որտեղ հստակ ամրագրված է, որ բուհերը օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, այլև օրենքի նախագծով առաջարկվող տարբերակը հակասության մեջ է մտնում և՛ Քաղաքացիական օրենսգրքի, և՛ Հիմնադրամների մասին օրենքի հետ, որոնք հնարավորություն չեն ընձեռում, որ հիմնադիրը, տվյալ պարագայում Կառավարությունը, անմիջականորեն նշանակի բուհի ռեկտոր՝ կառավարիչ՝ 5 տարի ժամկետով»,- ասաց Հովհաննիսյանը:

Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը նշեց, որ այլ ռիսկեր ևս կան, օրինակ՝ ժամանակավոր կառավարիչն ավելի երաշխավորված է լինելու:

«Այս կառավարչի նկատմամբ չեն տարածվելու բուհի ռեկտորների համար սահմանված օրենսդրական պահանջները, հանված է նաև այն դրույթը, որ, եթե հաշվետվությունը չհաստատի կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդը, ապա տվյալ անձի հետագա պաշտոնավարումը բացառվելու է»,- ասաց նա:

Հովհաննիսյանը կոչ արեց ԱԺ պատգամավոր իրավաբաններին՝ չդավաճանել իրենց մասնագիտությանը և պայքարել այս օրենքի դեմ:

«Եթե շարունակվի նույն տեմպով, մենք նախազգուշական գործադուլ կիրականացնենք»,- ասաց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս