Բաժիններ՝

Թրամփի շտաբը դատական հայց կներկայացնի Նևադայում գրանցված ընտրակեղծիքների վերաբերյալ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները մտադիր են չորեքշաբթի դատական հայց ներկայացնել Նևադա նահանգում ընտրությունների արդյունքների հարցով: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շտաբի փաստաբաններից մեկը՝ Ջես Բինալը:

«Պատրաստվում ենք ապացույցներ ներկայացնել քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, կեղծիքների հազարավոր դեպքեր են գրանցվել միայն Նևադայում: Օրինակ, մենք փաստեր ունենք, որ ավելի քան 40 հազար մարդ կրկնակի է քվեարկել: Դա իսկական կեղծիք է»,- ասել է փաստաբանը:

Բացի այդ, նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք նշված են փոստով քվեարկածների ցուցակում, սակայն նրանք անգամ քվեարթերթիկ չեն ստացել և չեն քվեարկել ընդհանրապես:

Նևադայի Գերագույն դատարանը նոյեմբերի 24-ին հաստատել է ընտրությունների նահանգային արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տանում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Մի շարք ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Բայդենը հավաքել է հաղթելու համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայնը, սակայն Թրամփը չի ընդունում իր պարտությունը՝ հայտնելով, որ երկրով մեկ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս