«Գործընթաց կա, բայց այս պահին նշանակում չունենք փոխնախարարի պաշտոնում». Գևորգ Ալթունյան
Գաբրիել Բալայանի և Մակար Ղամբարյանի՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոններից ազատվելուց հետո այդ պաշտոնները, մոտ 10 օր է, թափուր են մնացել:
Բայց սա չի նշանակում, թե քննարկումներ չեն եղել որոշ անձանց թեկնածության շուրջ:
Մեր տեղեկություններով, մասնավորապես, քննարկվել են պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանի, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին ղեկավար Մարտին Կարապետյանի թեկնածությունները:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ պաշտոնական նշանակում չկա:
«Երբ որ լինում է պաշտոնական նշանակում, այդ մասին համապատասխան հրամանագիր է լինում: Ես չեմ կարող ասել, թե ինչ և ինչպես է քննարկվում, համաձայնո՞ւմ են մարդիկ, թե՞ չեն համաձայնում: Կամ բանակցում են, չեն բանակցում, ում հետ են բանակցում, ինչ արդյունքներ կան, կամ՝ չկան, ես չեմ կարող դա իմանալ: Բայց գործընթաց, իհարկե, կա, որովհետև կան թափուր հաստիքներ: Սակայն այս պահին նշանակում չունենք: Երբ լինի նշանակում, հրամանագիր, մենք դա կհրապարակենք»,- նշեց նա:
Մեր հաջորդ հարցին՝ արդյոք վերջին զարգացումներով և տարածքային փոփոխություններով պայմանավորված կա՞ քննարկում բանակի և բանակային կորպուսների կառուցվածքի վերակառուցման, վերակազմավորման հետ կապված, Գևորգ Ալթունյանն ասաց՝ բնականաբար, կա: