«Իմ հարցերը եղել են շատ կոնկրետ և շատ հստակ». մանրամասներ Փաշինյանի և Հանրային խորհրդի անդամների հանդիպումից

Mediaport տելեգրամյան ալիքը երեկ հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդամների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

«Չնայած ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը օրեր շարունակ փորձել է ամեն ինչ անել, որ հանդիպումը կայանա խորհրդի ամբողջական կազմով, միևնույն է, նրան չի հաջողվել նման ձևաչափ ապահովել: ՀԽ անդամների մեծ մասը մերժել կամ արհամարհել են առաջարկը:

Հանդիպմանը ներկա մնացյալ անդամներից շատերն էլ խիստ քննադատական տեսակետներ են հնչեցրել, ավելին, ուղիղ տեքստով Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրաժարական ներկայացնել: Հատկապես կոշտ ելույթ է ունեցել Դանիել Իոաննիսյանը:

Mediaport-ին նաև հայտնի է դարձել, որ անտեսելով հնչած կոշտ քննադատությունները, Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ որպես լեգիտիմ ընտրված ղեկավար՝ չի պատրաստվում հեռանալ, ավելին, դեռ հաջորդ ընտրությունների կազմակերպողն էլ ինքը պետք է լինի»,- նշված էր Mediaport-ի տարածած տեղեկության մեջ:

168.amը կապ հաստատեց Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ՝ խնդրելով մեկնաբանություն տալ տարածված  տեղեկության վերաբերյալ:

«Ես Mediaport չեմ մեկնաբանում: Լուրջ աղբյուրներ վկայակոչեք, կմեկնաբանեմ»,- ասաց Դ. Իոաննիսյանը:

Այդուամենայնիվ, Հանրային խորհրդի անդամը մեզ հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց երեկվա հանդիպումից: Զրույցը՝ ստորև.

– Այդուհանդերձ, հանդիպում տեղի ունեցե՞լ է Հանրային խորհրդի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

– Այո:

– Հանդիպումից մանրամասներ, ինչը որ թույլատրվում է, կարո՞ղ եք այս պահին ներկայացնել:

– Հանդիպումը փակ հանդիպում էր: Մենք պայմանավորվեցինք, որ փակ լինի, որ բոլորը ավելի ազնիվ և ավելի բաց խոսեն: Եվ դա ենթադրում է, որ ես կարող եմ ասել այն, ինչ որ ես եմ ասել, բայց չեմ կարող ասել, թե ինչ են այլք խոսել: Դա կոռեկտ չի լինի:

Ես բարձրացրել եմ մի շարք հարցեր, այդ թվում՝ փորձել եմ ինչ-որ բաներ հասկանալ՝ կապված գերիների հետ, կապված անհետ կորածների հետ, կապված նրա հետ, թե ոնց ստացվեց, որ մեկ ու կես ամիս հանրությանը սուտ տեղեկություններ էր ներկայացվում, կապված մի շարք այլ հարցերի հետ:

– Ձեր բարձրացրած հարցերին պատասխաններ ստացե՞լ եք, պատասխաններ, որոնք Ձեզ կբավարարեին կամ լիարժեք կլինեին:

– Պատասխանների մի մասը բավարարել է, մի մասը՝ ոչ: Բայց կարող եմ ասել, որ բավականին ազնիվ խոսակցություն էր:

– Իսկ Դուք անձամբ բարձրացրե՞լ եք վարչապետի հրաժարականի հարց: Շատերն այսօր այդ հարցն իրենց օրակարգում ունեն:

– Ես վարչապետի հրաժարականի հարց չեմ բարձրացրել:

– Երկրում տիրող իրավիճակի մասին խոսակցություններ եղե՞լ են:

– Նորից եմ ասում՝ այլոց խոսացածը ես չեմ վկայակոչելու, դրանից չեմ խոսելու, դա կոռեկտ չի: Իմ խոսացածի մասով ես ասում եմ՝ ես մի շարք հարցեր բարձրացրել եմ, այդ հարցերը քննարկել ենք: Այդ հարցերի հետ կապված բավականին ազնիվ խոսակցություն է գնացել: Պատասխանների մի մասը ինձ գոհացրել է, մի մասը՝ այդքան էլ չի գոհացրել: Բայց իմ հարցերը եղել են շատ կոնկրետ և շատ հստակ: Աբստրակտ հարցեր՝ «վերջը լա՞վ ա լինելու», աբստրակտ հարցեր ես սովորություն չունեմ տալու մարդկանց:

– Հանդիպմանը ներկա են եղել Հանրային խորհրդի բոլո՞ր անդամները:

– Ոչ: Հանրային խորհրդի անդամների մի մասը չեն եկել առնվազն, որովհետև մի մասը կորոնավիրուսով է  հիվանդ, մի մասը մեկուսացված է, ու նաև ուրիշ խնդիր էլ կար, մի մասը չհասցրեց ժամը հարմարացնի, որովհետև, ըստ էության, նախապես չէր օրն ու ժամը հայտնի:

– Արդյունքում որևէ որոշման հանգե՞լ եք, թե՞ պարզապես հանդիպումը հարց- պատասխան ֆորմատով էր՝ եղած հարցերին պատասխան ստանալու համար:

– Որոշում, որպես այդպիսին, չէր նախատեսված, որ ինչ-որ որոշում պիտի կայացվի: Որոշման համար նիստ պիտի լինի: Իսկ սա Հանրային խորհրդի անդամների հանդիպում էր վարչապետի հետ: Այստեղ որոշում, որպես այդպիսին, չէր կարող լինել: Եվ քննարկեցինք, ինչ-որ հարցերում միգուցե մեր տեսակետները մոտեցան՝ մեր ասելով Հանրային խորհրդի անդամների կամ անդամների մի մասի ու վարչապետի, ինչ-որ մասերում մնացինք երևի տարակարծիք: Դա էր արդյունքը:

– Հանդիպումը Հանրային խորհո՞ւրդն էր նախաձեռնել, թե՞ վարչապետի նախաձեռնությամբ էր:

– Ըստ էության՝ երկուստեք: Իրականում նման հանդիպում վաղուց էինք ուզում կազմակերպեինք, բայց արանքում կորոնավիրուսը եղավ, արանքում պատերազմը եղավ: Այսինքն սա դեռ, ինձ թվում է,  նույնիսկ փետրվարից էր քննարկվում այդ հարցը:

Տեսանյութեր

Լրահոս