«Արայիկ Հարությունյան, էդ որ դուռդ բացում ես, ու էդ տախտակի վրա գրված է՝ «նախագահ», դա քեզ ի՞նչ է տալիս…». Երվանդ Վարոսյան

«Ես ինքս այնքան հարցեր ունեմ Արցախում տեղի ունեցածի հետ կապված, որ բացարձակապես ոչինչ այլևս չեմ բացառում, բայց այս հարցերում նման բաներին հավատալ-չհավատալով առաջնորդվելը սխալ է: Մեկն ավելի շատ է հավատում, մյուսը՝ մի քիչ պակաս: Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանը քննությունը պիտի տա: Ուստի պիտի իրականացվի ամբողջական քննություն՝ սկսած նրանից, թե 2 տարի առաջվանից մեր Զինված ուժերում ինչ է տեղի ունեցել, ի՞նչ սպառազինություններ են ձեռք բերվել, պլանավորված ի՞նչ սպառազինություններ ձեռք չեն բերվել»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, անդրադառնալով երեկ նախկին ՀՅԴ-ական գործիչ Աղվան Վարդանյանի այն հարցադրմանը, թե Նիկոլ Փաշինյանին աստղաբաշխական գումար են առաջարկել Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար, ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով ժամանակի պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի շահերը:

Ըստ նրա՝ այդ հարցերից է նաև այն, թե 2020թ. մայիսից սկսած, երբ Ադրբեջանը հրապարակեց «Բայրաքթարների» գործարքը, որոնք ձեռք էր բերել Թուրքիայից, արդյո՞ք ՀՀ-ն որևէ քայլ ձեռնարկեց, թե՞ ոչ, որովհետև առնվազն այդ պահից պարզ էր, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու, և հենց այդ զինատեսակով էր, որ իրենք խախտեցին հավասարակշռությունը:

«Ինձ համար ակնհայտ է, որ ցանկացած ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կխախտվեր հավասարակշռությունը, պատերազմը կսկսվեր: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք քննությամբ կստանանք: Մովսես Հակոբյանն ասուլիսով ներկայացրեց փաստեր՝ առանց դրանց գնահատականներ տալու, և այդ փաստերից յուրաքանչյուրը մի առանձին աղաղակող քրեական գործի նյութ է»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ չի ակնկալում, որ քաղաքական իշխանության չփոխվելու պարագայում երբևէ այդ քննությունը կարող է իրականացվել:

Փաստաբանը նշում է, որ այդ հարցերի պատասխանը հասարակությունը միշտ ակնկալելու է:

«Այսօր դեռ հանրությունը «տաք է», այսօր խելագարված ծնողներն իրենց զավակներին են փնտրում, այսօր դեռ այս հարցերն օրակարգային չեն այն աստիճան, որ դառնան մեր կյանքի ամենօրյա խնդիրը, բայց գալու է պահը, երբ մենք մի փոքր սառենք ու հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել ՀՀ-ի հետ, ու ինչ կատարվեց յուրաքանչյուրիս հետ, և այս հարցերը դառնալու են մեր կյանքի կարևորագույն հարցերը, և ցանկացած քաղաքական ուժ, որը կխուսափի այս հարցերին պատասխանելուց, դատապարտված կլինի»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Խոսելով այն մասին, որ Արցախը հանձնելուց հետո, հիմա էլ ամեն օր Հայաստանից են հատվածներ հանձնվում Ադրբեջանին, փաստաբանն ասաց, որ դրա պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունը չունի դիմադրողականություն, և այդ պարագայում թշնամին ինչ ցանկանա, կարող է անել, մեծ խնդիր է նաև մասնագիտական պատրաստվածության հարցը, ինչպես նաև չկա իրենց արած հայտարարությունների հետևանքի գիտակցում:

«Երբ մենք ասում ենք, որ պարտված, կապիտուլյանտ իշխանությունը պետք է հեռանա, այլևս չի կարող պետություն ղեկավարել, շատերի մոտ տպավորություն է լինում, թե կարո՞ղ է՝ Նիկոլին չեն սիրում, կամ Պողոսին են սիրում ավելի շատ: Ոչ ոք չի գիտակցում, որ, երբ հասկացող մարդն ասում է՝ կապիտուլյանտը պիտի հեռանա, էդ մարդը հասկանում է՝ ինչ է ասում: Եթե մի մարդ ստորագրել է խայտառակ կապիտուլյացիա, որտեղ ոչինչ չի ներառել, իսկ այդ ժամանակ դու այնպիսի բաներ էիր հանձնում թշնամուն, որ դետալների շուրջ ոչ ոք քեզ հետ չէր վիճելու, և, օրինակ, եթե գերիների վերադարձի մասով ժամկետ սահմանեիր, ոչ ոք չէր առարկի, ուրեմն դու պիտի հեռանաս: Պարտված իշխանությունը դիմադրություն չունի, չի կարող գնալ ու հավասարը հավասարի պես նստել և թշնամու կամ երրորդ երկրի հետ բանակցել»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Խոսելով կառավարությունում իրավապահ համակարգի ղեկավարների ու մի շարք դատավորների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին և իր գրառմամբ խոսստովանելուն, որ միջամտում է արդարադատությանը, Երվանդ Վարոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որ օրենքի շրջանակներից դուրս իր քայլերի մասին հրապարակային հայտարարում է:

«Դա ավարտված հանցագործություն է: Կոչվում է միջամտել արդարադատությանը: Հոդված կա: Պաշտոնեական լիազորությունների սահմաններից անցնել: Հոդված կա: Բացում եք օրենքով սահմանված վարչապետի լիազորություններն ու տեսնում եք, որ նման լիազորություն չկա ու չի կարող լինել, որովհետև ինքն ուր, դատարաններն ուր…»,- նշեց փաստաբանը:

Հարցին, թե ո՞րն էր այդ հանդիպմանը մասնակցող դատավորների մոտիվացիան, Երվանդ Վարոսյանն ասաց, որ իրենք չպիտի գնային, բայց երևի չունեցան այնքան վճռականություն, որ այդ հրավերը մերժեն:

«Թեպետ արդեն երևի գաղտնիք չէ, որ խոսակցությունը, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի ուզած սցենարով չի ընթացել: Կոնկրետ գործերի քննարկում չի եղել, դեռ մի բան էլ հակադարձումներ են եղել, որից հետո հռետորաբանությունը Նիկոլ Փաշինյանը փոխել է, և այլն: Այսինքն՝ կարծում եմ, արդյունքում ստացվեց հակառակը, և ապագայում էլ որոշում կայացնող դատավորներն այս հանդիպումից հետո հնարավորություն ունեն շատ ավելի ինքնուրույն լինել: Բայց կրկնեմ, այդ հանդիպումն ինքնին «разборка» էր… Ամեն դեպքում այդ գործով ինքը տուժող էր, դատավարության կողմ. օծանելիքն էին գողացել… Ու հիմա դատավարության կողմը կանչում է քննչական մարմինների ղեկավարներին, դատախազին, դատավորներին ու հայտարարում է, որ ինքը դժգոհ է, ինչո՞ւ 20-ին չեն կալանավորել»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Վերջինս պնդում է, որ օրվա իշխանությունն անկարող է լուծել որևէ հարց, և դա հասկանում են բոլորը:

«Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չունեցավ ու չի ունենալու պետական գործչի մակարդակ: Պետական գործիչը և առհասարակ պետականության զգացում կրող մարդը չպիտի առաջնորդվի այն սկզբունքով, թե՝ ինչ կմտածեն իմ մասին, կարո՞ղ է 1000 հատ լայք էջիցս պակասի: Երբ որ հոկտեմբերի 19-20-ին կար հնարավորություն շատ ավելի լավ, շահեկան իրավիճակով, քան այսօր, դուրս գալ պատերազմից, Նիկոլ Փաշինյանը դա չարեց ու պատճառաբանում է նրանով, թե՝ դուք ինձ կկոչեիք դավաճան: Նիկոլ Փաշինյան, թող քեզ բոլորը կոչեին դավաճան, բայց այն երեխեքը, ովքեր զոհվեցին այդ օրվանից հետո, չզոհվեին: Եթե կար հնարավորություն փրկել մեկ հայ զինվորի կյանք, այդ կյանքը պետք էր փրկել, ու պետական գործիչը երբեք չի մտածի՝ ինքը դրանից հետո մեկ օր ավել կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ, կդառնա՞ քաղաքական դիակ, թե՞ չէ, ինքն այդ քայլը կկատարի»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ և Արցախի նախկին 5 նախագահների արձագանքին ու այդ իրավիճակում նրանց պահվածքին, փաստաբանն ասաց, որ նրանք բոլորն էլ պետականամետ գործիչներ են և համապատասխան վարքագիծ էլ դրսևորել են:

«5 նախագահ ասացին՝ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում: Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանը, որ երբեք նման բառամթերք չի օգտագործել, տեսանք, թե ինչպես արձագանքեց: Սա վերջն է»,- նկատեց փաստաբանը:

Խոսելով Արցախի նախագահի մասին՝ նա նշեց, որ Արայիկ Հարությունյանը նույն պարտության սիմվոլն է, ինչ Նիկոլ Փաշինյանը:

«Անտրամաբանական է իրենց շարունակական պաշտոնավարելը: Ասենք, նույն Արայիկ Հարությունյանը նախագահ է ընտրվել 12000 քկմ-ով մի պետության, իր մի տարվա պաշտոնավարման արդյունքում ինքը մի 2000 քկմ-ի վրա մի ինչ-որ վարչատարածքային անհասկանալի միավորի վարչարար է ու շարունակում է պաշտոնավարել: Ինձ համար անհասկանալի է՝ էդ որ դուռդ բացում ես, ու էդ տախտակի վրա գրված է՝ «նախագահ», դա քեզ ի՞նչ է տալիս… Ես այս իրենց մնալն ուղղակի հրաժարվում եմ հասկանալ»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս