ՊՆ-ն փոխում է զինվորին անհետ կորած ճանաչելու ժամկետը. լավ է, որ հետամուտ եղավ իմ բարձրաձայնած խնդրին. Մանուկյան
Նոյեմբերի 27-ին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել էր սեպտեմբերի 27-ին սկսված և երկու ամիս տևած պատերազմի հետևանքով անհետ կորած հայ զինծառայողների խնդրին` նշելով, որ այդ զինծառայողների հարազատները պետք է կարողանան շատ սեղմ ժամկետներում դառնալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու և կարողանան ստանալ աջակցություն, իսկ դրա համար անհրաժեշտ է շտապ իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի զինվորն անհետ կորած համարվի ոչ թե ռազմական գործողությունների ավարտից 2 տարի անց, ինչպես ամրագրված է գործող օրենքում, այլ շատ ավելի շուտ՝ 3 ամիս անց։
Ըստ Մանուկյանի՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա անհետ կորած զինվորի ընտանիքին ավելի շուտ դառնալ հիմնադրամի շահառու և ստանալ աջակցություն։
Հաղորդումից մի քանի օր անց՝ Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած համարվելու ժամկետներում փոփոխություն կատարել։
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է ռազմական գործողությունների ժամանակ զինծառայողին դատարանի կողմից անհետ կորած ճանաչել ռազմական գործողությունների ավարտից 3 ամիս անց, տեղեկություն չստանալուց հետո՝ 1 տարի անց (գործող օրենքով 2 տարի է), այսինքն՝ ռազմական գործողությունների ավարտից 1 տարի 3 ամիս անց։
168.am-ի հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանը ողջունեց Պաշտպանության նախարարության այս նախագիծը, սակայն նշեց, որ ժամկետները պետք էր ավելի սեղմել, որպեսզի զինվորն անհետ կորած ճանաչվի ոչ թե ռազմական գործողությունների դադարից 1 տարի 3 ամիս անց, այլ հենց 3 ամիս անց։
«Շատ լավ է, որ ՊՆ-ն հետամուտ է եղել իմ բարձրացրած խնդրին և փոխում է զինվորին անհետ կորած ճանաչելու ժամկետը, բայց պետք է ավելի քչացնեին ժամկետը մինչև 3 ամիս, քանի որ ակնհայտ է, որ երեք ամիս անց անհետ կորածների ճակատագիրը հայտնի է լինում՝ կամ գերի են լինում, կամ մահացած, ուստի այս ընտանիքներին աջակցություն հատկացնելու ժամկետները պետք է ըստ անհրաժեշտության փոխվեն։ Կարծում եմ՝ ժամկետը 2 տարուց դարձրել են մեկ տարի՝ հաշվի առնելով այն, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, ու մեկ տարի ժամանակ շահելով՝ կկարողանան գոնե ինչ-որ հարցեր լուծել»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ ավելի ուշ, նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնավորումներին ծանոթանալուց հետո, հանդես կգա նոր առաջարկություններով։