«Այս ընտանիքների հարցը շտապ պետք է լուծվի, պետք է գտնել դիակներն ու հանձնել ընտանիքներին, որ այս մարդիկ իրենց սուգը սգան». Մեսրոպ Մանուկյան
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում այս պահի դրությամբ առկա է շուրջ 32 միլիարդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար անհրաժեշտ է շուրջ 70 մլրդ դրամ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Ըստ նրա, ստեղծված իրավիճակում կա՛մ պետական բյուջեից պետք է գումարներ փոխանցվեն հիմնադրամին, կա՛մ կառավարությունը պետք ներգրավվի վարկեր, որպեսզի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը կարողանա փոխհատուցել այս պատերազմի հետևանքով հիմնադրամի շահառուներին, սակայն Կառավարությունը որևէ գործնական քայլ այս ուղղությամբ չի իրականացնում։
«Հիմնադրամի շահառու են հանդիսանում զոհվածների հարազատները, անհետ կորածները, ինչպես նաև՝ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները։ Ոչ պաշտոնական թվերով, զոհվածների թիվը 1000-ից ավելի է, սակայն, ըստ այլ օբյեկտիվ հաշվարկների, այդ թվում և՝ ռուսական կողմից ստացված, մենք ունենք 4000 զոհված։ Եթե այս թվին գումարում ենք 700 անհետ կորածների թիվը և հիմք ընդունում, որ հիմնադրամն ամեն մի զոհի և անհետ կորածի համար պետք է փոխանցի միանվագ 10 մլն դրամ, ապա միայն այս հաշվարկով հիմնադրամին անհրաժեշտ է 47 միլիարդ դրամ։ Եթե հաշվենք նաև, որ 11 հազարից ավելի վիրավոր ունենք, որոնց մեծ մասը՝ 6800-ը, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն են ձեռք բերել, իսկ նրանք ևս միանվագ միանվագ աջակցություն պետք է ստանան, ապա ակնհայտ է դառնում, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն այսօր ունի 50 միլիարդ դրամի անհրաժեշտություն»,- ասաց Մանուկյանը։
Հարցին՝ արդյոք այս 50 միլիարդ դրամը չի՞ կարող հավաքվել նույնիսկ այն դեպքում, երբ 1000 դրամի փոխարեն՝ փոխանցումներ կատարվեն 3000 դրամի չափով, Մեսրոպ Մանուկյանը պատասխանեց.
«Այստեղ էլ է Կառավարությունը ցույց է տալիս, թե որքան ապաշնորհ է, որովհետև, եթե զոհվածների և անհետ կորածների հստակ թիվը դու չունես, ինչի՞ց ես ենթադրել, որ 1000 դրամի փոխարեն՝ պետք է փոխանցվի 3000 դրամ. իսկ գուցե պետք է 1500 դրա՞մ փոխանցել, կամ 6000 դրա՞մ»,- ասաց Մանուկյանը։
Ըստ նրա՝ հաջորդ խնդիրը կապված է անհետ կորածների հետ, և քանի որ ռազմական դրության ժամանակ զինվորն անհետ կորած է ճանաչվում երկու տարի անց, փաստացի ստացվում է՝ ընտանիքը, որը կորցրել է իր կերակրողին, զինվորին, պետք է սպասի երկու տարի, որ կարողանա դատարանով հաստատում ստանա անհետ կորած ունենալու վերաբերյալ, որից հետո նոր դառնա հիմնադրամի շահառու։
«Իրավական դաշտում՝ օրենքներում մինչդեռ կարելի է շատ արագ կատարել փոփոխություն, որ այս ընտանիքները շատ արագ դառնան հիմնադրամի շահառու, որովհետև բոլորիս համար պարզ է, որ, օրինակ, Ջաբրայիլում կենդանի մարդ չի կարող մնալ, կամ գերի են ընկել, կամ մահացել, հետևապես՝ պետք է ունենալ լավ բանակցող, որը արագ կկարողանա այնպես աշխատել, որ մենք նախ հստակ իմանանք, թե քանի անհետ կորած ունենք ու քանի գերի. երկրորդ՝ արագ նրանց վերադարձնել»,- ասաց Մանուկյանը։
Անհետ կորածների վերաբերյալ Մանուկյանը նաև նկատեց, որ թեև գործող Կառավարության ղեկավարն ամեն օր պետք է դուրս գար Կարմիր խաչի գրասենյակից, իսկ Ազգային ժողովի պատգամավորներն էլ անհետ կորածների ու գերիների խնդրով հիմա պետք է ողողած լինեին միջազգային բոլոր հարթակները՝ ԱԺ բարեկամական խմբերի միջոցով, սակայն նմանատիպ կարևոր աշխատանք ևս չի կատարվում։
«Պետբյուջեից պարգևավճարներ են ստանում, գնում գործուղումների, այս 2.5 տարվա մեջ այդքան պարգևավճար կերան, լավ՝ մի՞թե մի գործընկեր չունեն, որ խնդրեն այդ մարդկանց միջոցով ահազանգ հնչեցնեն։ Այս ընտանիքների հարցը շտապ պետք է լուծվի, պետք է գտնել դիակներն ու հանձնել ընտանիքներին, որ այս մարդիկ իրենց սուգը սգան։ Ես չեմ ուզում հավատամ, որ կգնան սրբապղծության, չեմ ուզում հավատամ, որ իրենք մտածված ձևով դիակները հետ չեն բերում, որովհետև հիմնադրամը գումարներ չունի, չեմ ուզում հավատամ, որ այս ընտանիքներին փող չտալու համար գնում են այս տականքությանը»,- ասաց Մանուկյանը։
Նշենք, որ զոհված, առաջին կարգի հաշմանդամ դարձած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է միանվագ 10 մլն դրամի ֆինանսական հատուցում: Այնուհետև 20 տարի շարունակ յուրաքանչյուր ամիս վճարվում է 200-300 հազար դրամ, և գումարի տարբերությունը պայմանավորված է տվյալ զինվորականի ունեցած աստիճանով:
Հաշմանդամություն ունեցող շահառուի գումարը կիսվում է, միանվագ օգնությունը կլինի 5 մլն դրամ, ամսական գումարը կկազմի 100-200 հազար դրամ, իսկ եթե տվյալ զինծառայողն ունեցել է 3 և ավելի երեխա, ապա հիմնադրամը լրացուցիչ կվճարի 100 հազար դրամ:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում