«Եթե դասալիքների անունները հրապարակենք՝ չեմ ուզում ուղղակի թշնամուն ուրախացնեմ իմ այդ հրապարակմամբ». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետո զրույցում շեշտեց՝ վերջին երկու տարիներին բանակում շատ բան է փոխվել:

Մանրամասնելով, թե կոնկրետ ինչ է  փոխվել, իմքայլական պատգամավորն ասաց. «Ձեռք են բերվել հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ամեն օր տեսնում էիք, որ խփում էին բայրաքթարներ ու անօդաչու թռչող սարքեր, որը երբևէ չի եղել։ Ձեռք է բերվել սննդի մատակարարման այդ պայմանավորվածությունը, մեխանիզմը, ինչ լինի կամ չլինի, բանակում սնունդն ապահովվել է նորմալ, անգամ այս պատերազմական օրերին, և շատ խնդիրներ, շատ զինատեսակներ և այլն։ Ինչ վերաբերում է  ՍՈւ-երին, ապա դեռևս աշխատանքներ կային, որոնք պետք է արվեին, և որքանով տեղյակ եմ, դեկտեմբերից պետք է սկսվեր սրա հետ կապված խնդիրները։ Եթե պատերազմը լիներ երկու տարի անց, ապա այլ իրավիճակ կլիներ»։

Ինչ վերաբերում է ՊՆ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հայտարարություններին, Արմեն Խաչատրյանն ասաց, որ դրանք այս պահին քննարկման փուլում են, և քննարկում են քրեադատավարական դաշտում։

«Պետք է քննարկվի, տեսնենք՝ պետական գաղտնիքի հրապարակումները ճի՞շտ են, թե՞ ոչ, դրանք քրեական պատասխանատվություն ենթադրո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև նա հայտարարություն է անում, որը խփում է Հայաստանի և Արցախի հանրապետություններին»,- շեշտեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նշած դավաճաններին ու դասալիքներին, որոնք, ըստ նրա՝ եղել են պատերազմի դաշտում, և հարցին՝ ինչո՞ւ նրանց անունները չեն հրապարակվում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե դասալիքների անունները հրապարակենք՝ չեմ ուզում ուղղակի թշնամուն ուրախացնեմ իմ այդ հրապարակմամբ, ուղղակի շատ-շատ են։ Հիմա գնում է քրեադատավարական գործընթացներ, դրա գնահատականը տրվում է դատարանում»։

Տեսանյութեր

Լրահոս