«Մենք հող չենք տվել, պատերազմում եղել է պարտվող կողմ, հետևաբար՝ պարտվող կողմին թելադրել են այն, ինչը հնարավոր է եղել». Արմեն Խաչատրյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ իշխանական այն պատգամավորներին, որոնք դուրս են եկել խմբակցությունից և վայր դրել մանդատը, «ինչ-որ տեղ» նրանց հասկանում է, քանի որ նրանք փորձում են իրենց ներուժն օգտագործել այլ բնագավառում։
«Իսկ նրանք, ովքեր մանդատը վայր չեն դրել, սակայն դուրս են եկել խմբակցությունից և պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ՝ ցուցակով են անցել, ես դա համարում եմ շատ ամոթալի երևույթ այդ պատգամավորների համար։ Փաստորեն, ստացվում է այնպես, որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր, եթե պատերազմի դաշտում այլ իրավիճակ լիներ, իհարկե, նրանք իրենց մանդատը վայր չէին դնի և կգովաբանեին և հեքիաթներ կպատմեին իրենց արած-չարածների մասին»,- ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։
Ըստ նրա, անձամբ տեղյակ չի եղել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ է ստորագրում նոյեմբերի 10-ին, սակայն այդ իրադարձությունից ժամեր առաջ կապի մեջ է եղել Արցախից որոշակի շրջանակների հետ, որոնք ասել են, որ այլևս հնարավոր չէ շարունակել։
«Կարող եմ նույնիսկ բառ առ բառ ասել, թե ինչ ասացին՝ այն ուժերը, որոնք գտնվում են Շուշիիում, դատելով այս ամենից, ոտքով էլ եթե իջնեն Ստեփանակերտ, Ստեփանակետը պահելու խնդիր է առաջանալու։ Այո, այդ մեսիջները ստացել եմ, բայց այդ քաղաքական իրադարձություններին իմ լիազորությունների մեջ չէր մտնում մասնակցել, չեմ էլ մասնակցել, սակայն տեղյակ եմ եղել, որ Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է։ Ես վարչապետին սրա հետ կապված հարցեր չունեմ, այնպես չէ, որ Արցախում տիրող իրավիճակի մասին ես պետք է վարչապետից իմանամ, երկար ժամանակ եղել եմ Սյունիքում, և Արցախում տիրող իրավիճակի մասին ունեմ իմ պատկերացումները»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա, Արմեն Խաչատրյանի խոսքով՝ բոլորն ասում են, թե նման պահանջ կա, բայց ինքը հավատում է ոչ թե ֆեյսբուքյան հայտարարություններին ու մի քանի հոգու ցույցերին, ճանապարհ փակելուն, այլ փաստերին։
«Ես ամեն օր կապի մեջ եմ ժողովրդի հետ, հիմնականում Վայոց Ձորի, Սյունիքի մարզի բնակիչների հետ, և հիմնականում պահանջները որ լսում եմ, ասում են՝ հանկարծ հետդարձ չլինի։ Մենք հող չենք տվել, պատերազմում եղել է պարտվող կողմ, հետևաբար՝ պարտվող կողմին թելադրել են այն, ինչը հնարավոր է եղել, սակայն դա ընդունելի չէ, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի վերականգնենք։ Այո, գիտեինք, որ բանակցությունները փակուղի էին մտել և փակուղի էին մտել շատ վաղուց, դեռևս ապրիլյան պատերազմի ժամանակ»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը։