Ստապետություն

Քաղաքականությունը գաղափարների առևտուր է, որում հաջողության են հասնում նրանք, ովքեր կարողանում են ամենաթանկ գնով հասարակությանը վաճառել իրենց գաղափարը։ Գաղափար ասվածը պայմանական է, դրա անվան տակ կարող են հանդես գալ՝ ինչպես ճշմարտությունը, միտքը, ծրագիրը, այնպես էլ՝ կեղծիքը, էմոցիան, արկածախնդրությունը։ Որպես կանոն՝ քաղաքականության շուկայում ճշմարտությունը պահանջարկ չի վայելում։ Հասարակությունները հաճելի սուտը նախընտրում են հիմնականում դառը ճշմարտությունից։ Իսկ քաղաքական առևտրում ամենաշատը վաճառվող սուտը կրկին, որպես կանոն, լինում է հասարակության՝ ժողովրդի մասին։

Քաղաքական առևտրականները հաճոյանալու համար դիֆերամբներ են ձոնում հասարակությանը, պատմություններ են պատմում նրա բացառիկության մասին։ Դա կատարվում է տարիներ, տասնամյակներ շարունակ, ինչի արդյունքում հասարակության մասին մտածված սուտն այնքան է մեծանում, որ ընդունվում է՝ իբրև ճշմարտություն։ Եվ հասարակությունն ապրում է ինքզինքի մասին այդ կեղծիքի մթնոլորտում՝ իր բոլոր գործողությունները բխեցնելով ի սկզբանե սուտ ու կեղծ այդ կանխադրույթից։ Ընտրությունից՝ ընտրություն, ֆորսմաժորից՝ ֆորսմաժոր հասարակության ինքնախաբեությունն ավելի է խորանում, քանի որ յուրաքանչյուր հաջորդ հռետոր նորանոր ներբողներ է ձոնում առ հասարակության բարձր հատկանիշներ։ Որովհետև քաղաքական առևտրում կրկին, որպես կանոն, հանդես են գալիս ոչ թե պետական, այլ քաղաքական գործիչները, որոնց նպատակը կարճաժամկետ քաղաքական շահն է և ոչ երբեք՝ պետական կամ ազգային դարդը։

Քաղաքական գործիչներն իրականում քանդում են պետականության հիմքերը, քանի որ շատ հաճախ կեղծ գաղափարներ վաճառելով՝ զբաղված են հասարակության ապաբարոյականացմամբ, իսկ հասարակությունը պետության ու պետականության հիմնասյուներից մեկն է։ Եվ քանի որ քաղաքական առևտրում հանդես են գալիս ոչ թե՝ ազգային ու պետական դեմքերը, այլ շատ հաճախ՝ մատնոց պտտողի հոգեբանությամբ քաղաքական գործիչները, հասարակությունն այդպես էլ երբեք չի տեղեկանում սեփական արժանիքների, իսկ որ ավելի կարևոր է՝ դրանց բացակայության մասին։

Հայ հասարակությունն իրականում կարիք ունի ոչ թե քաղաքական, այլ պետական, ազգային գործիչների, ովքեր կհամարձակվեն հասարակությանն ասել ճշմարտությունն իր մասին, ովքեր կխիզախեն բարձրաձայնել, որ մենք, այո, հազարամյա, այդուհանդերձ, արատներ ունեցող հասարակություն ենք, որ մենք քծնող ու ստրկացող հասարակություն ենք, որ մենք հավասարությունն ատող ու արտոնությունը պաշտող հասարակություն ենք, որ մենք պաշտոնյայի առաջ կռացող, մեզանից ցածրի վրայով քայլող հասարակություն ենք, որ մենք կեղծ մարգարեությունը ճշմարիտ խոսքից գերադասող, ստավաճառին պաշտող, իսկ ճշմարտախոսին քարկոծող հասարակություն ենք․․․

Սրանք դառը ճշմարտություններ են, որոնք բարձրաձայնող որևէ մեկին հասարակությունը չի ընտրի, որովհետև քաղաքականության շուկայում ճշմարտությունը պահանջված ապրանք չէ։ Այդ ճշմարտությունները գուցե կարող էին բարձրաձայնել մտավորականները, իրական էլիտայի ներկայացուցիչները, բայց այդպիսիք մեր հասարակությունում, ցավոք, չկան, որովհետև նման հավակնություն ունեցողները ևս գնացել են հասարակությանը կեղծիքներով գնելու հեշտ ճանապարհով։  Բայց այդ ճշմարտությունները երբևէ պետք է բարձրաձայնվեն, դրանց շուրջ պետք է ծավալվի բանավեճ, քննարկում, բախում, որի միջոցով միայն հասարակությունը կարող է նախ ճանաչել ինքն իրեն, ապա ճիշտ կամ սխալ հետևություններ անել։

Քաղաքական առևտրականներն ունեն երաշխավորված արդյունք ապահովող երկու  ծեծված արտահայտություններ, որոնք ամենաշատն են հնչում հատկապես ընտրություններից առաջ՝ «Ժողովուրդն իմաստուն է» և «Ժողովուրդը չի սխալվում»։ Այս կարգախոսները ևս կեղծ են ու փոխբացառող։ Ժողովուրդն իմաստուն կարող է լինել միայն այն դեպքում, երբ հետևություններ է անում իր սխալներից։ Բայց մյուս բեսթսելլեր կարգախոսն ասում է, որ ժողովուրդը չի սխալվում։ Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը չի կարող լինել իմաստուն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս